Հայ ազգային կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը վստահ է, որ տարիների կտրվածքով իրենց աջակիցների թիվն ավելանում է: Այս մասին նա ասել է այսօր` դեկտեմբերի 21-ին, կայացած ասուլիսում, որպես ապացույց հիշեցնելով այս տարվա մարտյան բազմամարդ հանրահավաքները:
Անդրադառնալով ՀԱԿ-ից հեռացածների խնդրին, նա նկատեց, որ քաղաքական ուժի համար շատ նորմալ ընթացք է, որ հուսահատվածները հեռանում են, նոր մարդիկ են գալիս: ՀԱԿ համակարգողը հիշեցրեց նաեւ, որ Կոնգրեսից հեռացել են անհատներ, այլ ոչ` կուսակցություններ:
Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Լեւոն Զուրահյանը հայտարարել է, որ իրենց խնդիրն է այդ ընտրությունները վերածել նախագահական արտահերթ ընտրությունների, «Սերժ Սարգսյանի անվստահության հանրաքվեի»:
Հարցին, թե խորհրդարանական ընտրություններից հետո ՀԱԿ-ը կվերցնի մանդատները եւ կմասնակցի՞ ԱԺ աշխատանքներին, թե՞ կհրաժարվի դրանցից, նա արձագանքեց. «Հիմա որ փետրվար-մարտին մենք հասնենք արտահերթ ընտրության եւ Աստված տա հասնենք Սերժ Սարգսյանի հրաժարականին, չեք կարծում արդյոք, որ ձեր հարցը ժամանակավրեպ է»:
Այդուհանդերձ, Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ արդար ընտրությունների նախադրյալներ չկան, քանի որ իշխանության կեցվածքի մասով ոչինչ չի փոխվել: Միակ փոփոխությունն, ըստ նրա, այն է, որ ժողովուրդը ավելի պահանջկոտ է դարձել, իսկ միջազգային հանրությունն ավելի ուշադիր:




























