Ոչ Սամվել Ալեքսանյանի, ոչ էլ շուկայում գերիշխող դիրքեր ունեցող որեւէ այլ գործարարի կողմից Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վրա ճնշումներ չկան: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Նշենք, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «Ալեքս գրիգ» ընկերության սեփականատերն է, իսկ այդ ընկերությունը գերիշխող դիրքեր ունի մի շարք շուկաներում (շաքարավազ, մանրածախ առեւտուր, ցորենի ներկրում եւ այլն): Միայն 2011 թ. ընթացքում ՏՄՊՊՀ-ն «Ալեքս Գրիգին» պատասխանատվության ենթարկելու 10 որոշում է կայացրել (հիմնականում` օղիների շուկայում այլ ընկերությունների ապրանքանիշերը ապօրինի նմանակելու կամ օգտագործելու համար), որոնք այնուհետ բողոքարկվել են դատարանում:

Սակայն Ա. Շաբոյանը հավաստիացրեց, որ դատարաններն իրենց բոլոր որոշումները կայացրել են հօգուտ Հանձնաժողովի: Ներկայում ՏՄՊՊՀ-ն դիմել է դատարանին` կայացված որոշումները ի կատար ածելու համար: «Եթե դրանից հետո էլ «Ալեքս Գրիգը» վաճառքից չհանի այդ օղիները, ապա Հանձնաժողովը համապատասխան քայլեր կձեռնարկի»,- ասաց Ա. Շաբոյանը: