Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը դժգոհություն է հայտնել Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Ուկրաինայում խաղաղ բանակցություններ վարելու վերաբերյալ։ Deutschlandfunk-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Միացյալ Նահագները «սխալ է թույլ տվել՝ հրաժարվելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարից»:

Նրա կարծիքով՝ նման հայտարարությունները թուլացնում են Արևմուտքի դիրքերը բանակցություններում։

Պիստորիուսը քննադատել է նաև այն փաստը, որ Միացյալ Նահագները  Ռուսաստանի հետ երկխոսություն է վարում առանց եվրոպական երկրների մասնակցության, բայց ընդ որում ենթադրում է, որ հենց Եվրոպան պետք է ստանձնի հիմնական պատասխանատվությունը հետագա խաղաղության ապահովման համար, գրում է գերմանական Bild-ը։

Չնայած ամերիկյան դիրքորոշման քննադատությանը, Պիստորիուսը վստահեցրել է, որ Գերմանիան՝ որպես ՆԱՏՕ-ի ամենախոշոր գործընկերը Եվրոպայում, պատրաստ է մասնակցել խաղաղապահ առաքելությանը։ Սակայն նա հավելել է, որ նման որոշման մանրամասների մասին դեռ վաղ է խոսել։

Գերմանիայի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ հնարավոր զիջումների հանրային քննարկումները միայն Վլադիմիր Պուտինի ձեռնտու են՝ բանակցությունների սեղանի շուրջ ամրապնդելով վերջինիս դիրքերը։