Հեղուկ բնական գազի ներմուծումը Ռուսաստանից ԵՄ երկրներ 2024 թվականին տարեկան կտրվածքով աճել է 18%-ով, և միայն հունվարից մինչև նոյեմբեր Մոսկվան դրա համար ստացել է առնվազն 6,3 միլիարդ եվրո։ Սրանք նոր տվյալներ են, որոնք հրապարակել է Էներգետիկայի և ֆինանսական վերլուծության ամերիկյան ինստիտուտը (IEEFA):

Ըստ վերլուծաբանների՝ Ֆրանսիան, Իսպանիան և Բելգիան շարունակում են մնալ Եվրոպայում ռուսական հեղուկ գազի ամենամեծ սպառողները՝ նրանց բաժին է ընկնում Ռուսաստանից վառելիքի ներմուծման 85%-ը, հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը։ Միայն ֆրանսիական Դյունկերկի հեղուկ գազի տերմինալն անցյալ տարի ստացել է Ռուսաստանից Եվրոպա հեղուկ գազի մատակարարումների ընդհանուր ծավալի 27%-ը։

IEEFA-ի փորձագետ Անա Մարիա Հալեր-Մակարևիչը նշում է, որ Ֆրանսիան այս ամբողջ գազն իր համար չի օգտագործում. LNG-ը վերագազացվում է (հեղուկ վիճակից գազային վիճակի է վերադարձվում) երկրի տարածքում և մղվում խողովակաշարերի մեջ՝ հետագա տեղափոխման կամ վաճառքի համար, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Նման գազի ապագա ստացողների թվում է, օրինակ, Գերմանիան, նշում է վերլուծական կենտրոնը։ Միաժամանակ Գերմանիան ունի իր սեփական հեղուկ գազի տերմինալները, որտեղ շարունակում է ռուսական վառելիքը նաև հոսել։