Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին Մոսկվայում այցելել է Ռուսաստանում Հայ առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակության նստավայր եւ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի հետ շրջել նոր մայր տաճարի եւ եկեղեցական համալիրի շինահարթակում ու ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այնուհետեւ Բակո Սահակյանը Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի հետ քննարկել է Հայրենիք-Սփյուռք, եկեղեցի-հասարակություն կապերին առնչվող հարցերի լայն շրջանակ: Բակո Սահակյանը կարեւորել է հայ եկեղեցու դերը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման, հայրենիքից դուրս ապրող մեր հայրենակիցների համախմբման եւ նրանց հայեցի դաստիարակման գործում: Երկրի ղեկավարը նշել է, որ Մոսկվա քաղաքում կառուցվող նոր եկեղեցական համալիրը մեծապես կնպաստի վերոհիշյալ խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի հետագա ամրապնդմանը: 

Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ԼՂՀ Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, պաշտոնատար այլ անձինք: