Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Կրեմլի աշխատակազմի ղեկավար է նշանակել փոխվարչապետ Սերգեյ Իվանովին: Այս մասին լրագրողներին հաղորդել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Իվանովն ազատվել է փոխվարչապետի պաշտոնից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սերգեյ Իվանովը 1981-1998թթ. ընթացքում ԽՍՀՄ ՊԱԿ-ի Առաջին գլխավոր վարչության օպերլիազորից մինչեւ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության վարչություններից մեկի պետի առաջին տեղակալ դառնալու աշխատանքային ուղի է անցել: Արտասահմանյան երկարատեւ երեք գործուղումներ է ունեցել սկանդինավյան երկրներում եւ Աֆրիկայում:
ՊԱԿ-ի վերակազմավորումից հետո աշխատել է ԱՀԾ -ում, այնուհետեւ Անվտանգության դաշնային ծառայությունում:
2001թ. մարտի 28-ից ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնն է զբաղեցրել: 2005թ. նոյեմբերի 14-ից` ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալ- ՌԴ պաշտպանության նախարար: 2008թ. մայիսի 12-ից նշանակվել է ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալ:
Տիրապետում է անգլերենին եւ շվեդերենին:




























