Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, այսօր` դեկտեմբերի 22-ին, հրաժարվել է ինքնուրույն ներկայանալ դատարան եւ պահանջել է իրեն պատգարակով հասցնել: Ինչպես տեղեկացնում է Ուկրաինայի պետական բանտային ծառայությունը, Կիեւի բանտի ղեկավարությունն այդ մասին գրավոր կերպով ծանուցել է դատարանին:
Ծառայության տվյալներով` դեկտեմբերի 21-ին Տիմոշենկոյին բանտում զննել են առողջապահության նախարարության հանձնաժողովի մասնագետները: Բուժզննումը շեղումներ չի հայտնաբերել: Տիմոշենկոյին խորհուրդ են տվել սրտի հետազոտություն անցնել եւ արյան անալիզ հանձնել:
Դրա հիման վրա բանտի աշխատակիցները Տիմոշենկոյին առաջարկել են վեր կենալ եւ ինքնուրույն մոտենալ Բողոքարկիչ դատարան մեկնելու համար նախատեսված հատուկ ավտոմեքենային:
«Սակայն Տիմոշենկոն հերթական անգամ հրաժարվել է ինքնուրույն ներկայանալ դատական նիստին եւ պահանջել է իրեն դատարան հասցնել պատգարակով», - ասված է հաղորդագրության մեջ, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:




























