Կիմ Չեն Իրի աճյունի մոտ նկատված կինը  կարող է «մեծ ժառանգորդ» Կիմ Չոն Ընի գաղտնի կինը լինել:  Արեւմտյան լրատվամիջոցները պարզել են, որ Կիմ Չեն Իրի կրտսեր որդին ամուսնացել է նախորդ տարի` իրենից մի քանի տարով երիտասարդ աղջկա հետ:

Նոր առաջնորդի ենթադրյալ կինն ավարտել է Կիմ Իր Սենի անվան համալսարանը եւ շարունակում է ուսումը` գիտական կոչում ստանալու նպատակով:

Որոշ տվյալներով` աղջկա հայրը պրոֆեսոր է, մայրը` բժիշկ-գինեկոլոգ:

Աղջիկը լրատվամիջոցների կասկածն է հարուցել այն բանից հետո, երբ մեկ տարի  առաջ նրա տան մոտ սկսել է հաճախակի հայտնվել  նվերներով բեռնավորված Մերսեդեսների շարասյունը: Անգամ կարծիք է հնչել, որ Կիմ Չոն Ընի հարսնացուին ընտրել է նրա հորեղբայր եւ համակառավարիչ Չան Սոն Թհեկը:  Նա իբրեւ թե սիրելի եղբորորդու համար համակրելի եւ լավ ընտանիքից դուրս եկած կիրթ աղջիկ է փնտրելիս եղել:

Լրատվամիջոցները ակտիվ կերպով քննարկում են «մեծ ժառանգորդին»` փորձելով կանխատեսել երկրի հետագա ճակատագիրը անմահ առաջնորդի մահից հետո:

Այսպես,  Wall Street Journal-ը գրում է, որ ամերիկյան հետախուզությունը Կիմ Չեն Ընի վերաբերյալ որոշ գաղտնի փաստաթղթեր է հրապարակել: Նրանցում մասնավորապես նշված է, որ երիտասարդը  «սադիստական հակումներ» ունի եւ ամեն ինչում ձգտում է նմանվել իր բռնապետ հորը:

Համաձայն փաստաթղթերի` մանուկ հասակում երիտասարդ բռնապետը տանջել է կենդանիներին եւ ծաղրուծանակի ենթարկել ծառաներին, իսկ երբ մեծացել է, սկսել է ավելի խոշոր թիրախներ ընտրել:  Այսպես,  ԿՀՎ-ի աշխատակիցները կարծում են, որ սահմանամերձ հատվածում  Հարավային Կորեայի ռազմանավի վրա ԿԺԴՀ-ի գրոհը եւ հրաձգությունը, որոնք տեղի են ունեցել անցած տարի, կատարվել են Կիմ Չեն Ընի հրամանով:  Ենթադրվում է, որ դրանով երիտասարդը ցանկացել է հորն ապացուցել երկիրը ղեկավարելու իր ունակությունները: Բացի այդ, պատանին փորձել է պաշտոնի հնարավոր մրցակիցներին չեզոքացնել` ծրագրելով իր եղբայրներից մեկի վրա հարձակումը, որը, ի դեպ, հաջողությամբ չի պսակվել:  ԱՄՆ իշխանությունները կանխատեսում են, որ Կիմ Չեն Ընը կշարունակի իր ժողովրդին ասեղների վրա պահել: