Մոսկվայում տեղի ունեցած վթարի արդյունքում լրջորեն տուժել է էստրադային երիտասարդ կատարող, «Ֆակտոր Ա»  հեռուստաշոուի հաղթող Սերգեյ Սավինը, որին նկատել է անձամբ Ալլա Պուգաչովան:  Երգիչը, ով  «Եվրատեսիլ 2012»-ին  Ռուսաստանը ներկայացնելու հավանական թեկնածուներից էր, այժմ կոմայի մեջ պառկած է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:

Վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ին` մայրաքաղաքի հյուսիս-արեւելքում: 

Չհաստատված տվյալներով` 26-ամյա արտիստը կորցրել է մեքենայի կառավարումը եւ բախվել ճանապարհի կողնակին կայանած Mitsubishi-ին: Հարվածից երգիչը կորցրել է գիտակցությունը, եւ երբ բժիշկները ժամանել են, նա արդեն կոմայի մեջ է եղել: Հետազոտությունը ցույց է տվել, որ երիտասարդը

ուղեղի ցնցում է ստացել եւ արյան զեղում:

Սավինը մայրաքաղաք է ժամանել Կրասնոդարի երկրամասից` հագուստ վաճառողի աշխատանքային փորձով եւ տնտեսագիտական բարձրագույն կրթությամբ: Անցած ամառ նա «Ֆակտոր Ա»  հեռուստաշոուի հաղթող է ճանաչվել, որի ժյուրիի կազմում նաեւ Ալլա Պուգաչովան էր: Հենց նա էլ եզրափակչում Սավինին որոշիչ ձայնն էր տվել, գրում է NEWSru-ն:

Շոու-բիզնեսին նվիրված ինտերնետային կայքերի վկայությամբ` Պուգաչովային քանիցս տեսել են Սավինի ուղեկցությամբ: Չար լեզուները հավաստիացնում են, որ երգչուհին շուտով հոգնել է երիտասարդի ընկերակցությունից`ալկոհոլի նկատմամբ վերջինիս հակվածության պատճառով: