ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի ներգրավվածության հարցում լուրջ փոփոխություններ կատարելու հնարավորությունը, NBC News-ին հայտնել են ԱՄՆ երեք ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ և Կոնգրեսի մեկ պաշտոնյա:

Նրանց տվյալներով՝ Թրամփը օգնականների հետ քննարկել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մասնակցությունը շտկելու հնարավորությունը, այնպես, որ նախապատվությունը տրվի դաշինքի այն անդամներին, որոնք իրենց համախառն ներքին արդյունքի որոշակի տոկոսը ծախսում են պաշտպանության վրա:

Քաղաքականության հնարավոր փոփոխության պայմաններում Միացյալ Նահանգները կարող է չպաշտպանել ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի, քանի դեռ տվյալ երկիրը չի հասել պաշտպանական ծախսերի շեմին, հայտարարել են պաշտոնյաները: Եթե ​​Թրամփն իսկապես կատարի այս փոփոխությունը, դա կնշանակի զգալի շեղում դաշինքի հիմնական սկզբունքից՝ 5-րդ հոդվածից, որն ազդարարում է՝ ՆԱՏՕ-ի ցանկացած երկրի վրա հարձակումը հարձակում է դաշինքի բոլոր երկրների վրա:

Նախագահը միաժամանակ դիտարկում է քաղաքականությունը փոխելու հնարավորությունը, ըստ որի ԱՄՆ-ը կարող է զորավարժություններում առաջնահերթություն տալ ՆԱՏՕ-ի այն անդամներին, որոնք իրենց ՀՆԱ-ի որոշակի տոկոսը ծախսում են պաշտպանության վրա:

Նրա վարչակազմն արդեն ազդանշան է տվել Ամերիկայի եվրոպացի դաշնակիցներին, որ Միացյալ Նահանգները կարող է կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում: Տարբերակներից մեկն այն է, որ ԱՄՆ-ի որոշ ուժեր տեղափոխվեն տարածաշրջանում, որպեսզի նրանք կենտրոնանան ՆԱՏՕ-ի այն երկրներում կամ շրջակայքում, որոնք ավելացրել են իրենց պաշտպանական ծախսերը՝ համապատասխանեցնելով իրենց ՀՆԱ-ի որոշակի տոկոսին:

Թրամփը վերջերս հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամները պետք է իրենց ՀՆԱ-ի 5%-ը ծախսեն պաշտպանության վրա, թեև ինքը՝ ԱՄՆ-ը ներկայում այդպես չի վարվում: