Նիկոլա Սարկոզին, թերեւս հետեւողական լինի հայկական օրինագծի ընդունման հարցում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` մեկնաբանելով Ֆրանսիայի Ազգային Ժողովում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի քվեարկության ընթացքը:

«Թեեւ արդեն նախադեպ է եղել, երբ Սենատը դադարեցրել է նման օրինագծի ընդունման գործընթացը, հավանական է, որ այս անգամ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հետեւողական լինի օրինագծի ընդունման հարցում»,- նկատել է Բոզոյանը:

Քաղաքագետի խոսքով, Հայաստան կատարած այցի ընթացքում Սարկոզին հայտարարել է, որ եթե մինչեւ գարուն Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը Ֆրանսիան ըստ էության կարող է հեռուն գնալ այդ հարցում:

«Կարծում եմ` Սարկոզին այնքան էլ միամիտ չէ, որ ենթադրի, թե Թուրքիան մինչեւ գարուն կճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ դա նշանակում է, որ նա հող է նախապատրաստում գործընթացը իր տրամաբանական ավարտին հասցնելու համար: Կարծում եմ` մեծ է հավանականությունը, որ Սարկոզին տվյալ օրինագծի ընդունման հարցում մինչեւ վերջ գնա, քանի որ հայերի ձայները շատ կարեւոր են առաջիկա ընտրություններում»,- ասել է Բոզոյանը` հավելելով, որ Թուրքիայի ամսով Սարկոզին քիչ բան ունի կորցնելու:

Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովը դեկտեմբերի 22-ի նիստում, ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրենքը, ցեղասպանության փաստն ժխտելու դեպքում, նախատեսում է 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան Ֆրանսիայի դեմ 8 կետից բաղկացած պատժամիջոցներ է սահմանելու։