Հայաստանի Ազգային ժողովը նոյեմբերի 16-ին կայացած նիստում մերժել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի ներկայացրած «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:
«Ժառանգության» պատգամավորի կարծիքով՝ Սամվել Նիկոյանի հանձնաժողովի աշխատանքը բավարար չէ 2008թ. մարտյան իրադարձություններն ամբողջությամբ բացահայտելու համար, եւ անհրաժեշտ է նոր հանձնաժողով ստեղծել, հատկապես 10 զոհերի մահվան հանգամանքների հստակեցման համար:
Ալավերդյանի նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել պետաիրավական հանձնաժողովում, իսկ նոյեմբերի 16-ին Ազգային ժողովը ձայների 71 դեմ, 25 կողմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդհանրապես մերժել է այն:




























