Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) վրդովմունք է հայտնել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորման կապակցությամբ, ով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցն է, հայտնում է Reuters-ը։
Քաղաքական ուժը Իմամօղլուի կալանավորումն անվանել է «հեղաշրջում մեր հաջորդ նախագահի դեմ»։
CHP-ի առաջնորդ Օզգուր Օզելը ընդդիմությանը միասնության կոչ է արել և ասել, որ իր կուսակցությունը կիրակի կաջակցի Իմամօղլուին՝ որպես նախագահի թեկնածու, անկախ ամեն ինչից:
«Թուրքիան հեղաշրջում է ապրում հաջորդ նախագահի դեմ։ Մենք բախվել ենք պետական հեղաշրջման փորձի»,- հայտարարել է նա։
Չնայած իշխանությունները ժամանակավորապես արգելել են բողոքի ցույցերը և ոստիկանները փակել են Ստամբուլի որոշ փողոցներ, մոտ 100 մարդ հավաքվել է ոստիկանական բաժանմունքի մոտ, որտեղ բերման է ենթարկվել Իմամօղլուն և վանկարկել են:
Իմամօղլուն կալանավորվել է կոռուպցիայի մեղադրանքով։ Մինչ ձերբակալությունը Ստամբուլի համալսարանը հետ է կանչել Իմամօղլուի դիպլոմը, ինչը թույլ չի տա նրան մասնակցել նախագահական ընտրություններին։
Էքրեմ Իմամօղլուն երկար ժամանակ համարվում էր Էրդողանի գլխավոր մրցակիցը Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում, որոնք, ըստ սահմանադրության, պետք է անցկացվեն մինչեւ 2028 թվականը։





























