Եվրամիությունը պետք է կարողանա պաշտպանել իրեն առանց ԱՄՆ-ի։ Այս մասին Die Presse թերթի հարցազրույցում ասել է Ավստրիայի պաշտպանության նախարար Կլաուդիա Թաները։
«Մեծ մտահոգություն կա, որ ԱՄՆ-ը այլեւս չի կարող դիտվել որպես հովանավորող ուժ: Ուստի մենք ԵՄ-ում պետք է կարողանանք մեզ պաշտպանել»,- ասել է Թաները։
Ավստրիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում Ալպյան հանրապետության համար հիմնական ռիսկերը կլինեն հիբրիդային սպառնալիքները, ներառյալ ապատեղեկատվական արշավները, ինչպես նաեւ «Ռուսաստանի կողմից իրավիճակի ենթադրյալ սրումը, հատկապես Արեւմտյան Բալկաններում»։
Մարտի 6-ի գագաթաժողովում ԵՄ առաջնորդները պաշտպանել են ԵՄ «ReArm» պլանը, որն ուղղված է պաշտպանության ամրապնդմանը, զինված ուժերի կատարելագործմանը եւ ԵՄ երկրների ռազմական արդյունաբերության զարգացմանը: Միեւնույն ժամանակ, նրանք չեն հաստատել Եվրոպական հանձնաժողովի կողմից մինչեւ 2029թ. ժամանակահատվածի համար առաջարկված վարկային ֆինանսավորման գործիքները։ Ծրագրի ֆինանսական մասն ուղարկվել է լրամշակման։





























