Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության պատճառով Թուրքիայում բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր չորս օրվա ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 1,1 հազար ցուցարար, վիրավորվել է 123 ոստիկան։ Այս մասին հայտնել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայան։

«Ցույցերի ժամանակ մեր ոստիկաններից 123-ը վիրավորվել է։ Բողոքի ակցիաների ընթացքում առգրավվել են քացախ, քարեր, փայտեր, Մոլոտովի կոկտեյլներ, կացիններ եւ դանակներ։ Շարունակվում են դատական ​​գործերը նրանց նկատմամբ, ովքեր հարձակվել են ոստիկանների վրա, վնասել են հանրային գույքը եւ սպառնացել մեր ժողովրդի անվտանգությանը։ 2025թ. մարտի 19-ից մինչեւ մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի գործողություններ կատարելու մեջ կասկածվող 1 133 կասկածյալ կալանավորվել է։ Բերվածների թվում հայտնաբերվել են 12 տարբեր ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող անձինք»,- գրել է նախարարը X-ում։

Երլիքայան ձերբակալությունների հետ կապված նշել է, որ «վերջին օրերին որոշ շրջանակներ չարաշահում են հավաքների եւ ցույցերի իրավունքը՝ փորձելով խախտել հասարակական կարգը, հրահրել փողոցային իրադարձություններ եւ հարձակվել ոստիկանության վրա»։ «Պարզվել է, որ ձերբակալվածները նախկինում քրեական հետապնդման են ենթարկվել 17 տարբեր հանցագործությունների համար, այդ թվում՝ թմրամիջոցների, գողության, խարդախության, սեռական ոտնձգության եւ բռնության համար»,- նշել է նա։