ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստում է Գրենլանդիայի՝ որպես ԱՄՆ նահանգներից մեկի պահպանման ծախսերի գնահատականը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Washington Post թերթը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։

Պարբերականի երեք զրուցակիցների խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը փորձում է հաշվի առնել բոլոր հնարավոր ծախսերը, այդ թվում՝ կղզու 58 հազար բնակչի հանրային ծառայությունների մատուցման ծախսերը։ Կատարվում է նաեւ օգտակար հանածոների արդյունահանումից դաշնային բյուջեի հնարավոր եկամուտների վերլուծություն. կանխատեսումները բարդանում են եղանակային կոշտ պայմանների եւ կղզու անմատչելիության պատճառով: Դիտարկվող տարբերակներից մեկը Գրենլանդիայի իշխանություններին ավելի լավ առաջարկ ներկայացնելն է, քան Դանիայի կառավարությունը, որը սուբսիդավորում է տարածաշրջանը տարեկան մոտ 600 մլն դոլարի չափով:

Թրամփը բազմիցս հայտնել է, որ Գրենլանդիան պետք է միանա ԱՄՆ-ին։ Նա սպառնացել է բարձր առեւտրային մաքսատուրքեր սահմանել Դանիայի նկատմամբ, եթե նա չհրաժարվի կղզուց։ Թրամփն անգամ իր առաջին նախագահական ժամկետի ժամանակ է առաջարկել գնել Գրենլանդիան։ Դանիայի եւ Գրենլանդիայի իշխանությունները մերժել են այդ գաղափարը։

Գրենլանդիան մտնում է Դանիայի կազմի մեջ որպես ինքնավար տարածք։ 1951թ. Վաշինգտոնը եւ Կոպենհագենը, ի լրումն ՆԱՏՕ իրենց պարտավորությունների, ստորագրել են պայմանագիր: Դրա համապատասխան՝ Միացյալ Նահանգները պարտավորվել է պաշտպանել կղզին ագրեսիայից։