Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) գործողությունների գոտու ընդլայնման մասին, գրել է The Times of Israel-ը։
Կացն ասել է, որ նպատակն է մաքրել մի շարք տարածքներ «ահաբեկիչներից եւ նրանց ենթակառուցվածքներից՝ գրավելով հսկայական տարածք, որը կավելացվի Իսրայելի պետության անվտանգության գոտիներին», նշվել է հաղորդագրությունում։
Նա նաեւ կոչ է արել հատվածի բնակիչներին «հանդես գալ հիմա ՀԱՄԱՍ-ին տապալելու եւ բոլոր պատանդներին վերադարձնելու համար»։
Բացի այդ, պարբերականը, հղում կատարելով պաղեստինցիներին, հայտնել է, որ իսրայելական ցամաքային ուժերը սկսել են գործել անկլավի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի որոշ հատվածներում։
Անցած երկուշաբթի Իսրայելի պաշտպանության բանակը նախազգուշացրել էր Ռաֆահի եւ հարակից շրջանների բնակիչներին հեռանալ տարածքից՝ խորհուրդ տալով նրանց տեղափոխել վրանային ճամբարները Մուվասիի ափամերձ մարդասիրական գոտի:
Մարտի 18-ին ՑԱԽԱԼ-ը հայտնել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ին պատկանող թիրախների դեմ զանգվածային հարվածների վերսկսման մասին։ ՀԱՄԱՍ-ն իր հերթին հայտարարել է, որ Իսրայելի կառավարությունը ռազմական գործողությունները վերսկսելու իր որոշմամբ վտանգում է հատվածում մնացած իսրայելցի պատանդների կյանքը։





























