ԱՄՆ 100 սենատորներից 50-ը (25 հանրապետական ​​եւ 25 դեմոկրատ) աջակցել են Ռուսաստանի դեմ առաջնային եւ երկրորդային պատժամիջոցների մասին երկկուսակցական օրինագծին, եթե նա հրաժարվի Ուկրաինայում խաղաղ բանակցություններից կամ խախտի համաձայնագիրը, գրել են Reuters-ը եւ Bloomberg-ը։

Bloomberg-ի տվյալներով՝ նախագիծը նախատեսում է 500 տոկոս մաքսատուրք ներմուծման համար այն երկրներից, որոնք ռուսական նավթ, նավթամթերք, բնական գազ կամ ուրան են գնում։ Դա նաեւ ենթադրում է պատժամիջոցներ Ռուսաստանից ուրան գնող ցանկացած երկրի նկատմամբ։ Բացի այդ, սահմանափակումների փաթեթը կներառի ԱՄՆ ֆինանսական հաստատությունների՝ Ռուսաստանի կառավարության հետ կապված կազմակերպություններում ներդրումներ կատարելու արգելքը, իսկ ԱՄՆ քաղաքացիներին կարգելվի ռուսական պետական​​պարտատոմսեր գնել, գրել է Bloomberg-ը։

Այդ պատժամիջոցները, մտցվելու դեպքում, հավանաբար «լուրջ առճակատում» կառաջացնեն Հնդկաստանի եւ Չինաստանի (ռուսական նավթի խոշորագույն սպառողների) հետ եւ դժվար դրության մեջ կդնեն Եվրոպային, որը դեռ կախված է ռուսական բնական գազից, նշել է Bloomberg-ը։

Օրինագծի հիմնական հեղինակներն են հանրապետական ​​Լինդսի Գրեմը եւ դեմոկրատ Ռիչարդ Բլյումենթալը։ «Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պահանջում են տուրքեր սահմանել այն երկրների համար, որոնք գնում են ռուսական նավթ, գազ, ուրան եւ այլ ապրանքներ»,- նշվել է մամուլի հաղորդագրությունում։ Սենատում «գերակշռող տեսակետն այն է, որ Ռուսաստանն է ագրեսորը, եւ որ այս սարսափելի պատերազմը եւ Պուտինի ագրեսիան պետք է դադարեն հիմա եւ զսպվեն ապագայում»,- ավելացրել են նախագծի հեղինակները:

Լինդսի Գրեմը եւ Ռիչարդ Բլյումենթալը հայտնել են, որ օրինագիծը ստորագրել են 50 սենատորներ, եւ ուղեկից օրենսդրությունը ներկայացվել է Ներկայացուցիչների պալատում չորս սենատորներից բաղկացած երկկուսակցական խմբի կողմից:

Օրինագծի կողմնակիցներն ասում են, որ այն կընդունվի երկու պալատներում ձայների ճնշող մեծամասնությամբ, եթե Կոնգրեսում հանրապետականների ղեկավարները թույլ տան քվեարկությունը։ Առայժմ տեղեկություն այն մասին, թե երբ դա կարող է տեղի ունենալ, չկա։