ԱՄՆ-ի Կոլումբիա օկրուգի դատարանը թույլ է տվել 500 մլն դոլար արժողությամբ ԱՄՆ Խաղաղության ինստիտուտի կենտրոնակայանի անհատույց առգրավումն այն բանից հետո, երբ Իլոն Մասկի՝ կառավարության արդյունավետության գրասենյակի (DOGE) նախաձեռնությամբ հեռացվել են նրա գրեթե բոլոր աշխատակիցները եւ դադարեցվել է նրա գործունեությունը: Այս մասին տեղեկացրել է Wired ամսագիրը՝ հղում կատարելով դատարանի նյութերին։

Ինստիտուտի ներկայացուցիչները փոխհատուցում են պահանջել շենքը ԱՄՆ Ընդհանուր ծառայությունների վարչությանը (GSA) փոխանցելու համար, քանի որ Ռոնալդ Ռեյգանի նախագահության օրոք պաշտոնապես հիմնադրված հաստատությունը կապ չունի գործադիր իշխանության հետ, գործում է անկախ եւ ֆինանսավորվում է Կոնգրեսի եւ մասնավոր հովանավորների կողմից։ Նշվել է նաեւ, որ 500 մլն դոլար արժողությամբ շենքը կառուցվել է մասնավոր ներդրումներով, եւ պետությունը դրա հետ կապ չունի։ Դատարանը հրաժարվել է բավարարել փոխհատուցման պահանջը եւ նաեւ մատնանշել է, որ, ըստ էության, շենքի հանձնումն արդեն փաստացի տեղի է ունեցել։

«Դա նման է նրան, որ թույլ տրվի գողին ներխուժել ձեր տուն, գողանալ ձեր հեռուստացույցը, իսկ հետո դատարանը կասի՝ լավ, հեռուստացույցն այլեւս չկա որեւէ բան լուծելու համար, ուստի մենք ոչինչ չենք կարող անել»,- Wired-ին ասել է ԱՄՆ Խաղաղության ինստիտուտի գլխավոր իրավախորհրդատու Ջորջ Ֆութը:

Դատարանում GSA ներկայացուցիչը, խոսելով շենքը ձեռք բերելու անհրաժեշտության մասին, նշել է, որ ինստիտուտի կենտրոնակայանի հանձնումը «Թրամփ-Վենսի վարչակազմի առաջնահերթությունն է», բայց բյուջեն պատրաստ չէ վճարել դրա համար։

Մարտի վերջին Մասկի գերատեսչությունը կարգադրել է զանգվածային կրճատումներ կատարել ինստիտուտում: Մասնագետների եւ հաստատության ղեկավարության աշխատանքից ազատվելուց հետո DOGE-ը հասել է այնբանին, որ իր աշխատակիցը նշանակվի ինստիտուտի նախագահի պաշտոնակատարի պաշտոնում, որը նախկինում պաշտոն է զբաղեցրել GSA-ում։ Նոր ղեկավարը նախաձեռնել է շենքը GSA-ին անվճար հանձնելը, չնայած այն հանգամանքին, որ ֆորմալ առումով նման դեպքերում պետությունը պետք է փոխհատուցի բռնագրավված անշարժ գույքի արժեքը։ ԱՄՆ Խաղաղության ինստիտուտի աշխատանքից ազատված աշխատակիցները դիմել են դատարան՝ մատնանշելով զանգվածային կրճատումների անօրինականությունը եւ պահանջելով դադարեցնել շտաբը պետությանը փոխանցելու գործընթացը։

ԱՄՆ Խաղաղության ինստիտուտը հիմնադրվել է 1984թ. որպես ազգային անկուսակցական եւ գործադիր իշխանությունից անկախ հաստատություն, որի պաշտոնական նպատակը ողջ աշխարհում հակամարտությունների կարգավորմանը եւ կանխարգելմանը աջակցելն է։