Կիեւի հնարավոր հրաժարումը Վաշինգտոնի հետ ուկրաինական հանքային պաշարների արդյունահանման վերաբերյալ համաձայնագրի նոր նախագծի ստորագրումից կարող է դժգոհության հերթական ալիքն առաջացնել ԱՄՆ-ում։ Այս գնահատականն է ներկայացված The Wall Street Journal թերթի նյութում։
Պարբերականի գնահատմամբ, եթե գործարքը կնքվի, Կիեւին մնում է հույսը դնել միայն այն բանի վրա, որ այն ամբողջությամբ չի իրականացվի, քանի որ փաստաթուղթն ԱՄՆ-ին տալիս է գրեթե ամբողջական վերահսկողություն Ուկրաինայի հանքային պաշարների նկատմամբ։
Գործարքի նոր նախագիծը Կիեւին պարտավորեցնում է փոխհատուցել ավելի քան 120 մլրդ դոլարի օգնությունը։ Միացյալ Նահանգները, հատուկ հիմնադրամի միջոցով, վերահսկողություն ձեռք կբերի Ուկրաինայի նավթի եւ գազի պաշարների կեսի, նրա բոլոր մետաղների եւ ենթակառուցվածքների մեծ մասի վրա, ներառյալ երկաթուղիները, նավահանգիստները, խողովակաշարերը եւ գործարանները: ԱՄՆ-ը կստանա եկամուտներից բոլոր հատկացումները, քանի դեռ Կիեւը չի վճարել առնվազն 100 մլրդ դոլար՝ 4 տոկոս հավելավճարով։ Միայն սրանից հետո Ուկրաինան կսկսի ստանալ եկամուտների 50 տոկոսը։
Այս պայմաններն ավելի խիստ են, քան նախորդները։ Նախորդ տարբերակը ձախողվել էր Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու եւ ԱՄՆ ղեկավարության հանդիպման ժամանակ սկանդալի պատճառով, ինչը հանգեցրեց ԱՄՆ եւ Ուկրաինայի հարաբերությունների լուրջ վատթարացման։ Գործարքի նախաձեռնությունն ի սկզբանե բխել է Կիեւից: Ուկրաինայի իշխանությունները հույս ունեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուշադրությունը սեւեռել, որը թերահավատորեն էր վերաբերվում Կիեւին տրամադրվող օգնությանը, Ուկրաինայի հարստության վրա՝ ապահովելու համար զենքի մատակարարումների շարունակականությունը։





























