Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված պատասխան մաքսատուրքերը հիմնովին կփոխեն միջազգային առևտրային համակարգը և խոստացել է պայքարել դրանց դեմ հակաքայլերով։
«Նախագահ Թրամփը հենց նոր հայտարարեց այն միջոցների մասին, որոնք հիմնովին կփոխեն միջազգային առևտրային համակարգը», - մեջբերում են կանադական լրատվամիջոցները Քարնիի խոսքը։
«Մենք պատրաստվում ենք պայքարել այդ մաքսատուրքերի դեմ հակաքայլերով: Մենք պատրաստվում ենք պաշտպանել մեր աշխատողներին»,-ասել է նա:
ԱՄՆ-ը նշել է, որ կարող է մաքսատուրքեր սահմանել դեղագործական, փայտանյութի և կիսահաղորդիչների վրա, ասել է նա:
Կանադայի վարչապետը հավելել է, որ կառավարությունը «ավելին կունենա ասելու»՝ այսօր երեկոյան և վաղը հիմնական շահագրգիռ կողմերի հետ մի շարք հանդիպումների մասնակցելուց հետո։
Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի առևտրի և ձեռնարկությունների քարտուղար Ջոնաթան Ռեյնոլդսն ասել է, որ Մեծ Բրիտանիան կշարունակի հետամուտ լինել ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքին:
«ԱՄՆ-ը մեր ամենամոտ դաշնակիցն է, ուստի մեր մոտեցումն է պահպանել հանգստություն և հավատարիմ մնալ այս գործարքին, որը մենք հուսով ենք՝ կթեթևացնի այսօրվա հայտարարվածի ազդեցությունը», - ասել է նա The Telegraph-ին:
Նախարարը հավելել է, որ Լոնդոնը «իր տրամադրության տակ ունի մի շարք գործիքներ, և մենք կգործենք առանց վարանելու»։
«Ոչ ոք չի ցանկանում առևտրային պատերազմ, և մենք հավատարիմ ենք մնում գործարք կնքելուն: Կառավարությունը կանի անհրաժեշտ ամեն ինչ Մեծ Բրիտանիայի ազգային շահերը պաշտպանելու համար», - ասել է Ռեյնոլդսը:
Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում ասել է, որ Իռլանդիան կաշխատի Եվրամիության հետ՝ անցնելու «ԱՄՆ-ի հետ բանակցությունների ճանապարհ՝ սահմանափակելու այդ մաքսատուրքերի վնասը»:
Դանիայի ԱԳ նախարար Լարս Լոկկե Ռասմուսենը կարծում է, որ ոչ ոք չի շահի սահմանված մաքսատուրքերից:
«Եվրոպան միասնական կլինի, Եվրոպան կտրամադրի վճռական և համաչափ պատասխաններ»,-ասել է նա սոցիալական ցանցերում։
Մինչդեռ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Թրամփի սահմանած մաքսատուրքերը «սխալ» է անվանել։ Նրա կարծիքով՝ դրանք օգուտ չեն բերի ԱՄՆ-ին։
«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի աշխատենք Միացյալ Նահանգների հետ համաձայնության հասնելու ուղղությամբ՝ խուսափելու առևտրային պատերազմից, որն անխուսափելիորեն կթուլացնի Արևմուտքը՝ ի շահ այլ գլոբալ խաղացողների», - ասել է Մելոնին:
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ասել է. «Իսպանիան կպաշտպանի իր ընկերություններին և աշխատողներին և կշարունակի ձգտել դեպի բաց աշխարհ»:
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը սոցիալական ցանցերում գրել է, որ «բարեկամությունը նշանակում է գործընկերություն», իսկ «գործընկերությունը նշանակում է իսկապես փոխադարձ սակագներ: Անհրաժեշտ են համարժեք լուծումներ»,- նշել է նա։
Նորվեգիայի առևտրի և արդյունաբերության նախարար Սեսիլի Միրսեթը նորվեգական պետական NRK հեռուստաընկերությանը հայտնել է, որ սակագների ազդեցությունը դեռևս գնահատվում է։
«Ակնհայտ է, որ սա լուրջ է համաշխարհային տնտեսության համար և չափազանց կարևոր Նորվեգիայի համար: Սա լուրջ օր է, և մենք այժմ պետք է ընդհանուր պատկերացում կազմենք, թե դա իրականում ինչ է նշանակում Նորվեգիայի համար», - ասել է Միրսեթը:
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը սոցիալական ցանցերում ասել է, որ իր երկիրը «կշարունակի հանդես գալ ազատ առևտրի և միջազգային համագործակցության օգտին»։
«Ազատ ձեռնարկատիրությունն ու մրցակցությունը դրեցին Արևմուտքի հաջողության հիմքերը: Այդ իսկ պատճառով ես խորապես ափսոսում եմ այն ճանապարհի համար, որ Միացյալ Նահանգները բռնել է՝ ձգտելով սահմանափակել առևտուրն ավելի բարձր մաքսատուրքերով», - ասել է նա:
Մինչդեռ Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Թրամփի մաքսատուրքերը անսպասելի չէին, սակայն դրանք բացարձակ «անհիմն» են:
«Նախագահ Թրամփը հիշատակել է պատասխան մաքսատուրքերի մասին: Պատասխան մաքսատուրքերը կլինեին զրոյական, ոչ թե 10: Վարչակազմի մաքսատուրքերը հիմնված չեն տրամաբանության վրա և հակասում են մեր երկրների միջև գործընկերության սկզբունքներին: Սա բարեկամական գործողություն չէ», - ասել է նա:
Նոր Զելանդիայի առևտրի նախարար Թոդ Մաքքլեյն ասել է, որ ԱՄՆ մաքսատուրքերը կազդեն Նոր Զելանդիայի արտահանողների վրա, որոնցից ոմանք կարող են նայել այլ շուկաներ:
Նրա խոսքով՝ Նոր Զելանդիան մտադիր չէ ԱՄՆ-ի դեմ պատասխան մաքսատուրքեր մտցնել։
«Դա կհանգեցնի նորզելանդական սպառողների գների բարձրացմանը, և դա կբերի գնաճի», - ընդգծել է նա:
Մեքսիկայի վարչապետ Կլաուդիա Շեյնբաումը խոստացել է արձագանքել Թրամփի մաքսատուրքերին։
Նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ պատասխան մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ արտաքին առևտրային գործընկերների վրա։





























