Պաղեստինի ինքնավարությունը Հունգարիայի իշխանություններից պահանջել է ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Հունգարիայի՝ ՄՔԴ-ից դուրս գալու մասին հայտարարությունից ժամեր անց, հայտնում է Al Jazeera-ն։

«Պաղեստինի ինքնավարությունը Հունգարիայի կառավարությանը կոչ է անում կատարել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կալանավորման հրամանը՝ անհապաղ պատասխանատվության ենթարկելով Նեթանյահուին», - ասվում է Պաղեստինի ինքնավարության հայտարարության մեջ:

Նոյեմբերին ՄՔԴ-ն Իսրայելի վարչապետին ձերբակալելու օրդեր է տվել Գազայի պատերազմին առնչվող ռազմական հանցագործությունների մեղադրանքով:

Նեթանյահուն, ով Հունգարիա է մեկնել ձերբակալության միջազգային օրդերով, գովաբանել է երկրի իշխանություններին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու «համարձակ և սկզբունքային» որոշման համար: