ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն անցած ամիս Իսրայելին վաճառել է ավելի քան 20,000 ամերիկյան արտադրության ինքնաձիգ՝ առաջ մղելով վաճառքը, որ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հետաձգել էր այն մտավախությունների պատճառով, որ դրանք կարող են օգտագործվել ծայրահեղական իսրայելական ավանաբնակ խմբերի կողմից, ասվում է Reuters-ի և խնդրին ծանոթ աղբյուրի տեսած փաստաթղթում:
Ինչպես հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով փաստաթուղթը, Պետդեպարտամենտը մարտի 6-ին Կոնգրեսին ծանուցում է ուղարկել 24 մլն դոլարով վաճառքի մասին, որում նշվում է, որ վերջնական օգտագործողը լինելու է Իսրայելի ազգային ոստիկանությունը։
Հրացանների վաճառքը փոքր գործարք է այն միլիարդավոր դոլարների զենքի համեմատ, որը Վաշինգտոնը մատակարարում է Իսրայելին:
Բայց դա ուշադրություն գրավեց, երբ Բայդենի վարչակազմը հետաձգեց վաճառքը՝ մտավախություն ունենալով, որ զենքը կարող է ընկնել իսրայելցի վերաբնակիչների ձեռքը, որոնցից ոմանք հարձակումներ են իրականացրել պաղեստինցիների դեմ՝ Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափում:
Բայդենի վարչակազմը նաև պատժամիջոցներ է սահմանել այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, ովքեր մեղադրվում են Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափում բռնության գործողություններ կատարելու մեջ, որտեղ ավելացել են վերաբնակիչների հարձակումները պաղեստինցիների վրա:
Նախագահի պաշտոնում իր առաջին օրը՝ հունվարի 20-ին, Թրամփը գործադիր հրաման արձակեց՝ դադարեցնելով իսրայելցի վերաբնակիչների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները: Այդ ժամանակից ի վեր նրա վարչակազմը հաստատել է Իսրայելին միլիարդավոր դոլարների զենք վաճառելը:





























