TikTok-ի ամերիկյան ակտիվների բաժանման գործարքը կասեցվել է այն բանից հետո, երբ Չինաստանն ազդարարել է, որ չի հաստատի գործարքը փոխադարձ մաքսատուրքերի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ աղբյուրների:

Գործարքը, որի կառուցվածքի քննարկումն, ըստ աղբյուրներից մեկի, հիմնականում ավարտվել էր չորեքշաբթի օրը, պետք է հանգեցներ ԱՄՆ-ում TikTok-ի գործառնությունների համար նոր ընկերության ստեղծման, որը գտնվում է Ամերիկայում և պատկանում է ամերիկացի ներդրողների մեծամասնությանը: Իսկ ByteDance-ը կունենար 20%-ից էլ պակաս մասնաբաժին:

Աղբյուրի վկայությամբ, գործարքն արժանացել էր  գործող ներդրողների, նոր ներդրողների, ByteDance-ի և ԱՄՆ կառավարության հավանությանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը 75 օրով երկարաձգել է չինական ByteDance տեխնոլոգիական ընկերության համար նախատեսված ժամկետը, որը պետք է հանրահայտ TikTok կարճ տեսանյութերի հավելվածի ամերիկյան ակտիվները վաճառեր ոչ չինացի գնորդին, հակառակ դեպքում կբախվեր արգելքի, որը պետք է ուժի մեջ մտներ հունվարին՝ համաձայն 2024 թվականի օրենքի:

«Գործարքը լրացուցիչ աշխատանք է պահանջում, որպեսզի ապահովի բոլոր անհրաժեշտ համաձայնեցումների ստորագրումը,- գրել է Թրամփը սոցցանցում՝ պարզաբանելով, թե ինչու է երկարաձգում հունվարին սահմանած վերջնաժամկետը։- Մենք հուսով ենք շարունակել բարեխիղճ համագործակցությունը Չինաստանի հետ, որը, ինչպես հասկանում եմ, այնքան էլ գոհ չէ մեր փոխադարձ սակագներից»:

Ինչպես նշում է Reuters-ը, Չինաստանն  այժմ կանգնած է Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա 54 տոկոս մաքսատուրքերի առաջ այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց, որ այս շաբաթ բարձրացնում է դրանք 34 տոկոսով, ինչը Չինաստանին դրդեց պատասխան քայլեր ձեռնարկել ուրբաթ օրը:

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է նվազեցնել Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը, որպեսզի գործարք կնքի ByteDance-ի հետ հավելվածը վաճառելու մասին, որից170 միլիոն ամերիկացի է օգտվում։