ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն CBS News-ին ասել է, որ չի հավատում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած համատարած մաքսատուրքերը, որոնք հարվածել են Եվրոպային և բազմաթիվ դաշնակիցների, կվնասեն ռազմական դաշինքին:
«Ես չեմ ասում, որ դա ազդեցություն չունի առանձին դաշնակիցների վրա, բայց դա չի ազդում Հյուսիսատլանտյան դաշինքի վրա», - հայտարարել է Ռյուտեն:
Նա վստահություն է հայտնել, որ հնարավոր առևտրային պատերազմն ազդեցություն չի ունենա Եվրոպայի պաշտպանության ծախսերի կամ ՆԱՏՕ-ի առաջ պարտավորությունների վրա:
Թրամփը հաճախ է քննադատել ՆԱՏՕ-ի երկրներին պաշտպանության վրա իրենց համախառն ներքին արդյունքի 2%-ից պակաս ծախսելու համար և պնդել է, որ անդամ երկրներն ավելի քան կրկնապատկեն իրենց պաշտպանական ծախսերը՝ հասցնելով 5%-ի:
Ռյուտեն հայտարարել է, որ եվրոպական երկրներն արդեն ավելացրել են իրենց ծախսերը: «Ստացվող միլիարդների քանակությունը պարզապես ապշեցուցիչ է... Դուք պետք է դա համեմատեք Սառը պատերազմի ժամանակահատվածի հետ, երբ նայում եք պաշտպանության ընդհանուր ծախսերին, որոնք այժմ ավելանում են Եվրոպայում», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:





























