ԱՄՆ-ը Չինաստանի հետ մաքսատուրքերի համաձայնագիր չի կնքի, քանի դեռ չի կարգավորվել ԱՄՆ առեւտրային դեֆիցիտը։ Այս մասին Սպիտակ տան մամուլի ծառայությունում լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք պետք է լուծենք Չինաստանի հետ առեւտրային դեֆիցիտի խնդիրը,- ասել է նա։- Մենք հօգուտ Չինաստանի կորցնում ենք հարյուր միլիարդավոր դոլարներ։ Քանի դեռ մենք չենք լուծել այս խնդիրը, ես չեմ պատրաստվում գործարք կնքել»։
Թրամփը կանխատեսումներ չի արել շուկաներում ապագա դինամիկայի մասին, բայց հայտնել է, որ ԱՄՆ-ը «անհամեմատ ավելի ուժեղ է» այլ երկրներից տնտեսական առոմով։ «Ես չեմ ցանկանում որեւէ փլուզում [շուկաներում]։ Սակայն երբեմն ստիպված ենք դիմել դեղի, որպեսզի ինչ-որ բան շտկենք»,- ավելացրել է նա։
Ավելի վաղ Չինաստանի պետխորհրդի սակագնային հանձնաժողովը հայտնել էր, որ Չինաստանը լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանում ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար՝ ի պատասխան Թրամփի մաքսային քաղաքականության։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ ի լրումն գործող տուրքերի, ներդրվում են սակագներ։ Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ապրանքաշրջանառությունը 2024թ. վերջին հասել է 688,28 մլրդ դոլարի: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ից Չինաստան մատակարարումները կազմել են 163,62 մլրդ դոլար՝ գրեթե երեք անգամ պակաս, քան Չինաստանից ԱՄՆ արտահանումը: Չինաստանը ԱՄՆ-ից ներմուծում է գյուղատնտեսական ապրանքներ, միկրոչիպեր, ինժեներական սարքավորումներ, ածխաջրածիններ եւ մետաղներ։ Միացյալ Նահանգները Չինաստանից գնում է սմարթֆոններ, համակարգիչներ, լիթիում-իոնային մարտկոցներ, պլաստմասսե արտադրանք, կենցաղային տեխնիկա, կոշիկներ, մանկական խաղալիքներ եւ շատ այլ բաներ։



























