Միացյալ Նահանգները չի կարող մեծ ծախսեր կատարել Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) եւ առեւտրային դեֆիցիտի վրա։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով Ֆլորիդայից Վաշինգտոն ուղեւորվող ինքնաթիռում գտնվող լրագրողների հարցերին։
«Դա անհնար է։ Միացյալ Նահանգները չի կարող կորցնել 1,9 տրլն դոլար առեւտրի վրա։ Մենք չենք կարող այդպես վարվել, ինչպես նաեւ մի կույտ փող ծախսել ՆԱՏՕ-ի վրա, որպեսզի պաշտպանենք եվրոպական երկրներին, ապահովենք նրանց զինվորականներին եւ փող կորցնենք առեւտրի վրա։ Այդ ամենը խելագարություն է, եւ ես ընրվել եմ դրա հաշվառմամբ։ Մենք դա բացատրել ենք»,- նշել է պետության ղեկավարը։
Մեկնաբանելով գնաճի հնարավոր աճը մտցվող մաքսատուրքերի հետ կապված՝ նա ասել է. «Ես չեմ կարծում, թե գնաճը մեծ խնդիր կլինի։ Չորս տարվա [առաջին նախագահական ժամկետի] ընթացքում ես հարյուր միլիարդավոր դոլարներ եմ ստացել Չինաստանից, եւ մենք նաեւ ստացել ենք շատ փող այլ երկրներից, բայց հատկապես Չինաստանից»։ «Մենք գնաճ չենք ունեցել։ Իսկ թե ով ուներ գնաճ, ապա դա [ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո] Բայդենն էր։ Բայդեն ուներ ամենավատ գնաճը մեր երկրի պատմության մեջ։ Ես գնաճ չեմ ունեցել։ Ամեն ինչ լավ էր։ Իսկ հետո, երբ եկավ այդ տխմարը, մեր երկրի հետ վատ բան պատահեց»,- ավելացրել է ԱՄՆ նախագահը։ Նա ընդգծել է, որ մտադիր է երկուշաբթի Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ կայանալիք բանակցություններում քննարկել առեւտուրն ու դեֆիցիտը։



























