Կորեայի Հանրապետության իշխանությունները մտադիր են արտահերթ նախագահական ընտրություններ նշանակել հունիսի 3-ին, այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով կառավարական աղբյուրներին։

Նրա տեղեկացմամբ՝ ընտրությունների անցկացման հարցը կբարձրացվի երեքշաբթի կաբինետի ծրագրված նիստում։ «Չկան հստակ իրավական նորմեր, որոնք կնշեն, որ ընտրությունների օրը որոշելու համար անհրաժեշտ է նախարարների կաբինետի նիստ անցկացնել: Բայց քանի որ սա կարեւոր կետ է, որը կպահանջի քվեարկության օրը ժամանակավոր հանգստի օր նշանակել, այդ հարցը կքննարկվի նախարարների կաբինետի նիստում»,- ասել է աղբյուրը:

Ավելի վաղ հարավկորեական լրատվամիջոցները հայտնել էին, որ արտահերթ նախագահական ընտրությունների ամսաթիվը, հավանաբար, կհայտարարվի երեքշաբթի՝ նախարարների կաբինետի նիստից հետո։ Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնակատար, վարչապետ Հան Դոկ Սուն ամսաթիվը պետք է նշանակի նախագահի պաշտոնանկությունից հետո 10 օրվա ընթացքում՝ մինչեւ ապրիլի 14-ը։

Ապրիլի 4-ին Սահմանադրական դատարանը միաձայն իշխանությունից հեռացրեց այժմ նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին ռազմական դրության դեպքերի պատճառով՝ համաձայնելով խորհրդարանի բոլոր հինգ մեղադրանքների հետ։ Արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան պաշտոնանկությունից հետո 60 օրվա ընթացքում։ Դրանց ֆավորիտ է համարվում ընդդիմության առաջնորդ Լի Չժե Մյոնը, որը Յուն Սոկ Յոլին տանուլ էր տվել 2022թ. 1 տոկոս տարբերությամբ։ Ավելի վաղ արդեն ենթադրվել էր, որ քվեարկությունն, ամենայն հավնականությամբ, կկազմակերպվի այդ բոլոր 60 օրերից հետո, որպեսզի քաղաքական գործիչները պատրաստվելու ժամանակ ունենան։