Պաշտոնական Պեկինը կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ ներմուծման նոր մաքսատուրքերը՝ դրանք անվանելով տնտեսական շանտաժ, եւ պատրաստ է պաշտպանել սեփական շահերը։
Մամուլի ասուլիսում Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ցզյանին հարցրել են, թե արդյոք կա մոտ ապագայում Չինաստանի եւ ԱՄՆ նախագահների միջեւ նոր վիճահարույց մաքսատուրքերի շուրջ բանակցությունների հնարավորություն։
«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ Չինաստանի վրա ճնշում գործադրելը կամ սպառնալիքը մեզ հետ փոխգործակցության ճիշտ ձեւ չէ: Չինաստանը վճռականորեն կպաշտպանի իր օրինական իրավունքները եւ շահերը»,- նշել է դիվանագիտականառաքելության խոսնակը:
Հարցին, թե արդյոք Պեկինը մտադիր է միջոցներ ձեռնարկել մաքսատուրքերի բարձրացման հետեւանքները նվազագույնի հասցնելու կամ վերացնելու համար, ԱԳՆ խոսնակը նշել է, որ «Չինաստանի կառավարությունը հայտնել է իր դիրքորոշումն այս չարաշահումների վերաբերյալ»։
Լին Ցզյանը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից բոլոր առեւտրային գործընկերների, այդ թվում՝ Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի բարձրացումը տարբեր պատրվակներով լրջորեն խախտում է երկրների օրինական իրավունքները եւ շահերը, ԱՀԿ (Առեւտրի համաշխարհային կազմակերպություն) կանոնները, խաթարում է կանոնների վրա հիմնված բազմակողմ առեւտրային համակարգը եւ ապակայունացնում համաշխարհային տնտեսական կարգը։
«Չինաստանի կառավարությունը խստորեն դատապարտում եւ կտրականապես մերժում է նման գործողությունները: Այն, ինչ անում է ԱՄՆ-ը, միակողմանիության, պրոտեկցիոնիզմի եւ տնտեսական ահաբեկման տիպիկ դրսեւորում է: Դա կվնասի թե՛ Միացյալ Նահանգներին, թե՛ մյուս երկրներին»,- նշել է Ցզյանը։




























