Թերթը գրում է, որ երեկ լուր է ստացել, որ նախօրեի երեկոյան «Արքայաձոր» ռեստորանում Ամանորի առիթով ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության անդամների հավաք է տեղի ունեցել, որն ավարտվել է վիճաբանությամբ, ծեծկռտուքով:

«Ըստ այդ լուրերի` նշված հավաքին մասնակցել են նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արաբկիրի թաղապետ Հրայր Անտոնյանը եւ Արաբկիրից ընտրված պատգամավոր Զոհրապ Զոհրապյանը, սակայն միջադեպը տեղի է ունեցել նրանց հեռանալուց հետո: Վիճաբանության մասնակիցները, ըստ տարածված լուրերի, եղել են թաղային հեղինակություններ, որոնց մեջ հատկապես շեշտվում են ոմն Հոսոյի եւ կիեւյանցի Հովիկի անունները:

Ամբողջ ռեստորանը տակնուվրա անելու մակարդակի վիճաբանության պատճառը, մեզ հասած տեղեկություններով, եղել է արաբկիրցիների թասիբը: Ասում են, որ շատերը խանդով են վերաբերվում այն հանգամանքին, որ քիչ չի՝ թաղապետն ու Արաբկիրի կառույցի ղեկավար Արմեն Մարտոյանը Արաբկիրի բնակիչ չեն, պատասխանատու պաշտոններում նշանակում են ոչ արաբկիրցիների, հետն էլ ուզում են, որ արաբկիրցիները իրենց համար աշխատեն:

Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանն ասել է, որ նախօրեին իրենք «Արքայաձորից» ահազանգ չեն ստացել: ՀՀԿ-ի Արաբկիրի կառույցի ղեկավարի տեղակալ Հակոբ Հակոբյանը հաստատել է, որ «Արքայաձորում» տոնական միջոցառում է եղել, բայց հերքեց, որ այդ միջոցառման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: «Չար լեզուներն են խոսում: Նման բան չի եղել: Մեր տղերքն իրար վաղուց են ճանաչում, 10 տարուց ավելի ՀՀԿ անդամներ են, նման բան բացառվում Է: Ես վերջին մարդն եմ եղել, որ ռեստորանից դուրս եմ եկել, նման բան չի եղել»,- մեզ հետ զրույցում  պնդեց նա:

«Արքայաձոր» ռեստորանի մենեջեր Քրիստինան է ասել է, որ հավաքի եւ մջադեպի հետ կապված իենք որեւ տեղեկություն ո՛չ կարող է հաստատել, ո՛չ հերքել, քանի որ ռեստորանը ընդհանրապես տեղեկություն չի տրամադրում իր հաճախորդների վերաբերյալ»,- գրում է «Հայկական ժամանակ»ը: