Կոտայքի մարզի Առինջ գյուղի սկզբնամասում, դեկտեմբերի 27-ի երեկոյան,  երկաթուղային ուղեգծերից դուրս եկած, բենզինով բեռնված երեք ցիստեռններից մեկում հրդեհ է բռնկվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Քանաքեռ» կայարանից բեռնաթափման համար փակուղի մտնող թիվ 3452 շարժակազմի մոտ 240 տ բենզինով բեռնված չորս ցիստեռններից երեքը, դեռեւս չպարզված հանգամանքներում, դուրս էին եկել ուղեգծերից:

Դեպքի վայր էին մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի եւ փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խմբերը:

«Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի փոխադրումների տնօրինությունից հաղորդել են, որ նախատեսվում են բենզինի վերամղման աշխատանքներ. անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:

Ընթացքում  հաղորդում է ստացվել, որ բռնկվել է բենզատար ավտոմեքենայի առջեւում գտնվող շարժիչի խլացուցիչը: Դեպքի վայր է մեկնել մի քանի  մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն: