Տնտեսական առումով 2011 թվականի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ճգնաժամի հետեւանքներն այդպես խորը չզգացվեցին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է տնտեսագետ, Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Վերջինիս խոսքով, 2011-ին կայունության տարրեր նկատվեցին, ինչը «մեր ոչ ռեսուրսաշատ երկրի համար շատ կարեւոր եմ համարում»: Բոստանջյանը կայունության դրական կողմը համարում է այն, որ «Հայաստանը 2012-ի համար ավելի պատրաստ կլինի զանազան վայրիվերումներին»:
«Ես չէի ուզենա վերամբարձ բառերով նկարագրեի, բայց սոցիալական ամենակարեւոր խնդիրների լուծման գործում ունեցանք որոշակի հաջողություններ»,- նշել է Բոստանջյանը` հավելելով, որ տարվա ամենամեծ թերացումն էր մոբիլիզացիոն ռեսուրսների ոչ բավարար օգտագործում է եղել. «Հատկապես եկամուտների բարձրացման հարցում չկարողացանք շատ ծրագրեր իրականացնել»:
Վարդան Բոստանջյանը 2012-ի համար ակնկալում է, որ սոցիալական բնույթի խնդիրները լուծվեն, ավելի բարձր վարձատրություն լինի, «որպեսզի մեր քաղաքացին երկրից դուրս գնալու մտադրություն չունենա»:
«Բոլորի Նոր տարին շնորհավորում եմ, որ մեր երկրին այնպիսի զարգացում եմ մաղթում, որ անգամ մենք էլ չենք կարող պատկերացնել: Ուզում եմ մեր քաղաքացիներին հավաստիացնել, որ ոչինչ, մենք ի զորու ենք ավելի արժանապատիվ կյանք ապահովել եւ հասնելու ենք դրան»,- նշել է պատգամավորը:



























