Բոլորիս է հայտնի, թե ինչպես է նշվում Նոր տարին ու Սբ Ծնունդը Հայաստանում: Սակայն քչերը գիտեն, թե ինչպես են այդ տոները նշում աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերը: NEWS.am-ը մինի-հարցում է անցկացրել Եվրոպայի, Ասիայի երկրներում, ԱՄՆ-ում բնակվող մեր ընթերցողների շրջանում:
Ժաննա- Գերմանիա. տեղի հայերի շրջանում (ապրում եմ Վիսբադենում) ընդունված է Ծննդյան տոնը նշել դեկտեմբերի 25-ին` կաթոլիկների հետ: Հենց այդ օրն են մարդիկ նվերներ փոխանակում եւ ամբողջ ընտանիքով հավաքվում սեղանի շուրջ: Նոր տարին ընդունված է նշել հայ համայնքով. մենք հավաքվում են ինչ-որ մեկի տանը կամ տարածք ենք վարձակալում: Մոտակայքում հայկական եկեղեցի չկա, սակայն հունվարի վեցին եւ կրոնական այլ տոների տեղի հայերը պատարագ են պատվիրում Մայնցի եկեղեցում:
Ալլա- Ֆրանսիա. տեղի հայերը երկու խմբի են բաժանվում` նրանք, ովքեր ապրում են այստեղ անցած դարասկզբից ու հիմնականում արեւմտահայերի ժառանգներ են, եւ նրանք, ովքեր համեմատաբար վերջերս են տեղափոխվել այս երկիր: Առաջինները տոնում են թե Նոր տարին, թե Սբ Ծնունդը, երկրորդները` հիմնականում Նոր տարին` հավաքվելով ծանոթ հայերից որեւէ մեկի տանը:
Նառա- Բոսնիա եւ Հերցեգովինա. այս երկրում հայեր գրեթե չկան: Մեր ընտանիքում ընդունված է նշել Նոր տարին եւ Սբ Ծնունդը, գրեթե այնպես, ինչպես Երեւանում: Սբ Ծննունդը ես նշում եմ հունվարի 7-ին` ուղղափառների տոնացույցով, քանի որ իմ ամուսինը սերբ է եւ ուղղափառ: Այդ օրը եւս պատրաստում են զանազան ուտեստներ եւ մետաղադրամով հաց թխում, դա սերբական ավանդույթ է: Ով գտնի դրամը` երջանիկ կլինի նոր տարում:
Ելենա- Ավստրիա. մեր ընտանիքը հիմնականում նշում է միայն Նոր տարին: Պատրաստում ենք ավանդական կերակուրներ, տալիս նվերներ. ընդհանուր առմամբ այնպես, ինչպես Հայաստանում: Ծննդյան տոնը նշում ենք ըստ հայկական տոնացույցի: Կաթոլիկական տոնացույցով Սբ Ծնունդը նշում ենք միայն այն դեպքում, երբ մեզ հրավիրում են ավստրիացի ընկերները:
Անի- Չինաստան. Ես ապրում եւ սովորում եմ Պեկինում: Տեղի հայերը Նոր տարին եւ հայկական մյուս տոները, այդ թվում` անկախության օրը, նշում են դեսպանատանը: Մենք հավաքվում են դեսպանատանը, ուտում, խմում, ուրախանում: Այստեղ բնակվող որոշ հայեր նույնիսկ պատրաստում են տոլմա, հարիսա եւ սպաս:
Հակոբ- Լիբանան. Լիբանանի հայերը Նոր տարին նշում են տնից դուրս, իսկ ահա Սբ Ծնունդը համարվում է ընտանեկան տոն, եւ այն նշում են ամբողջ ընտանիքով: Նոր տարվա տոնական սեղանը զարդարում են ինչպես ազգային, այնպես էլ տեղական ուտեստները` քյուֆթա, թաբուլե, հնդկահավ եւ այլն: Լիբանանի հայերը նաեւ տոնածառ են զարդարում եւ տանը նույնիսկ «քարանձավ» պատրաստում, որը խորհրդանշում է Քրիստոսի ծննդյան վայրը: Սբ Ծնունդին առաջնահերթ բոլորը գնում են եկեղեցի` տոնական պատարագի, որից հետո ողջ ընտանիքով նստում են սեղան` ճաշակելով ձուկ, փլավ, կոնյակ եւ մրգեր:
Բեդրոս- Թուրքիա. Թուրքիայի հայերը Նոր տարին հիմնականում նշում են տնից դուրս, հավաքվելով ինչ-որ մի վայրում` միասին նշելու: Հիմնական տոնը Սբ Ծնունդն է: Այդ օրը մենք ճաշում ենք տանը եւ այցելում եկեղեցի: Սեղանին ավանդական ուտեստներ են` անուշապուր, որը պատրաստվում է ցորենից եւ չրից, ինչպես նաեւ խաղողի տերեւով տոլմա:
Արման- ԱՄՆ. Սբ Ծնունդը մենք նշում ենք ինչպես ամերիկացիները` դեկտեմբերի 25-ին: Նոր տարվան սովորաբար գնում ենք կամ Լաս Վեգաս կամ լեռներ: Մեր ընտանիքում ընդունված է երկու անգամ նվերներ տալ` եւ Սբ Ծնունդին, եւ Նոր տարվան: Տեղի հայ համայնքը հավաքվում է հայկական բոլոր տոներին: Անկեղծ ասած` մեր ընտանիքում որեւէ հայկական ուտեստ հատուկ չի պատրաստվում, թեեւ մի անգամ փորձեցինք իսկական փախլավա թխել:
Դավիթ- Վրաստան. մեր ընտանիքում ընդունված է նշել թե Նոր տարին, թե Սբ Ծնունդը: Նոր տարվան ամբողջ ընտանիքով հավաքվում ենք սեղանի շուրջը, որտեղ լինում են թե հայկական, թե վրացական ուտեստներ: Սբ Ծնունդը հայերը հիմնականում նշում են հունվարի 7 -ին` ուղղափառ վրացիների հետ:
Այսպիսով, ամփոփելով արդյունքները` կարելի է ասել, որ տարբեր երկրներում բնակվող տարբեր տարիքի ընթերցողների շրջանում անցկացված հարցումը ցույց տվեց, թե որտեղ էլ որ լինեն հայերը, նրանք ձգտում են հավաքվել եւ հնարավորության դեպքում միասին նշել տոները:




























