Իջեւանում, դեկտեմբերի 27-ին, «Արտեմիս» ռեստորանում, կերուխումի ժամանակ տեղի ունեցած միջադեպի եւ դրան հաջորդած կրակոցների մասնակիցներից 3 մարդու ձերբակալել են: Ձերբակալվածների թվում են Իջեւանի բնակիչներ Հովիկ եւ Շեկո Խեչյանները, ինչպես նաեւ նրանց ազգական Վարդանը: Այս լուրը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Իջեւանի ոստիկանապետ Անդրանիկ Ազիբեկյանը, հավելելով, որ նրանք մեղադրվում են խուլիգանություն կատարելու մեջ:

Նշենք, որ դեկտեմբերի 27-ին, Իջեւանի «Արտեմիս» ռեստորանում, կերուխումի ժամանակ քեֆի մասնակիցներից մեկը մատուցողուհու նկատմամբ անհարգալից վերաբերմունք էր դրսեւորել, որի պատճառով իջեւանցիների եւ դիլիջանցիների միջեւ վեճ, ծեծկռտուք էր ծագել: Դրանից հետո դիլիջանցիները, «օժանդակ ուժերով», բազմաթիվ ավտոմեքենաներով ժամանել էին Իջեւան, կրակոցներ արձակել, որին ի պատասխան՝ Իջեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի մեկից նրանց ուղղությամբ որսորդական հրացանից կրակոց էր արձակվել:

Այս փաստի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասով քրեական գործ է հարուցված («Խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից»): Այս հոդվածը նախատեսում է մինչեւ 7 տարի ազատազրկում: