Ֆրանսիան հայտարարել է, որ ֆրանսիական ընկերությունների նկատմամբ թուրքական պատժամիջոցները անօրինական են, քանի որ հակասում են Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին: Հիշեցնենք, որ Թուրքիան որոշել է մի շարք տնտեսական եւ դիվանագիտական պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի նկատմամբ այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Ազգային ժողովը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունեց:

«Ես թուրքերին խորհուրդ չեմ տալիս նման գործերի մեջ մտնել, որովհետեւ դա պարզապես անօրինական կլիներ»,-այսօր` դեկտեմբերի 29-ին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին առեւտրի հարցերով պետքարտուղար Պյեռ Լելուշը` France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա կարծիքով, Թուրքիան դժվար թե տնտեսական պատժամիջոցներ կիրառի Ֆրանսիայի նկատմամբ:

«Նրանք ԱՀԿ-ի անդամ են եւ ստորագրել են ԵՄ երկրների հետ ապրանքների ազատ փոխանակման համաձայնագիրը եւ խոսքի չի կարող լինել ֆրանսիական ընկերությունների նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին: Ես հույս ունեմ, որ թուրք ղեկավարները այդքան իմաստուն կգտնվեն»,-ասել է Լելուշը:

Նշենք, որ Ֆրանսիայի խորհրդարանում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը թուրք-ֆրանսիական հարաբերություններում ճգնաժամի պատճառ դարձավ: Թուրքիան ժամանակավորապես Փարիզից հետ է կանչել իր դեսպանին, իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին նախընտրական նպատակներով «իսլամատյացություն հրահրելու» մեջ, իսկ Ֆրանսիային` ալժիրցիների ցեղասպանություն իրագործելու մեջ: