ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է վերացնել Direct File ծրագիրը՝ էլեկտրոնային համակարգ անվճար հարկերն ուղղակիորեն ԱՄՆ հարկային վարչությանը (IRS) ներկայացնելու համար, հայտնել է Associated Press-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Օգտատերերը նշել են, որ ծրագիրը, որը մշակվել է Ջո Բայդենի նախագահության օրոք, հարկերի գրանցումը դարձնում է պարզ, արագ եւ խնայողական։ Սակայն հանրապետական օրենսդիրները եւ հարկային հայտարարագրերի նախապատրաստման ընկերությունները դժգոհել են, որ դա հարկատուների փողերի վատնում է, քանի որ արդեն իսկ գոյություն ունեն անվճար փաստաթղթերի ներկայացման ծրագրեր, թեեւ դրանցից դժվար է օգտվել:
Ծրագիրը կախյալ վիճակում էր Թրամփի վարչակազմի սկզբից, քանի որ Իլոն Մասկը եւ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE) գծել են իրենց սեփական ճանապարհը դաշնային կառավարությունում:
Փետրվարին Մասկը X սոցցանցի իր մեդիա-կայքում գրել է, որ «ջնջել» է 18F պետական գործակալությունը, որն աշխատում էր Direct File-ի նման տեխնոլոգիական նախագծերի վրա: Որոշակի հույս կար, որ Մասկը եւ իր DOGE ծրագրավորողների թիմը կարող են վերցնել Direct File-ը եւ բարելավել այն:
Սակայն Direct File-ի դադարեցման որոշմանը ծանոթ աղբյուրները հայտնել են, որ ծրագրի ապագան պարզ է դարձել, երբ IRS-ի աշխատակիցներին մարտի կեսերին ասվել է դադարեցնել այն մշակելու աշխատանքները 2026թ. հարկային հայտերի սեզոնի համար:
ԱՄՆ հարկային վարչության տվյալներով՝ 2024թ. 423 450 հարկատուներ գրանցվել են Direct File համակարգում, եւ 140 803-ը ներկայացրել է ընդունված հայտարարագրերը։




























