Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հինգշաբթի ասել է, որ այլեւս տնտեսական իմաստ չունի ներմուծվող չինական ապրանքների վրա ԱՄՆ 245 տոկոս մաքսատուրքեր մտցնելը, հայտնել է «Սինհուան»։

Ապրիլի 15-ին Սպիտակ տունն իր կայքում հրապարակել է տեղեկագիր հետաքննության վերաբերյալ ԱՄՆ առեւտրի ընդլայնման օրենքի 232-րդ հոդվածի համաձայն: Տեղեկագրում ասվում է, որ Չինաստանին սպառնում են մինչեւ 245 տոկոս մաքսատուրքեր ԱՄՆ ներմուծման համար՝ իր մաքսատուրքերի հակաքայլերի պատճառով:

Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով համապատասխան տեղեկությունը՝ չինացի դիվանագետը նշել է, որ Չինաստանը նախկինում ընդգծել էր, որ Չինաստանի դեմ ԱՄՆ-ի կողմից անսովոր բարձր մաքսատուրքերի սահմանումը վերածվել է թվերի խաղի, որը տնտեսական տեսանկյունից գործնական նշանակություն չունի։ Դա միայն էլ ավելի է բացահայտում մաքսատուրքերը որպես գործիք եւ զենք օգտագործելու ԱՄՆ հնարքները:

«Մաքսատուրքերի եւ առեւտրային պատերազմներում հաղթողներ չկան։ «Չինաստանը չի ցանկանում նման պատերազմներ, բայց եւ չի վախենում դրանցից»,- ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

«Եթե ԱՄՆ-ը շարունակի մաքսատուրքերի խաղը, Չինաստանը պարզապես կանտեսի դա: Սակայն եթե ԱՄՆ-ը շարունակի ոտնահարել Չինաստանի իրավունքները եւ շահերը, Չինաստանը վճռական հակաքայլեր կձեռնարկի եւ պատրաստ է պայքարել մինչեւ վերջ»,- ընդգծել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը: