Վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը ստվերեց հայ ժողովրդի եւ պետականության համար այլ կարեւոր խնդիրների արծարծումը: Որքան էլ բախտորոշ եւ պատմական նշանակություն ունենա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, հայ հասարակությունը չպետք է թույլ տա, որ քաղաքական բանավեճը կենտրոնանա բացառապես այդ խնդրի վրա: Այդ մասին ասված է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարույան մեջ, որ նոյեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը հրապարակել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

ՀԱԿ-ը նշել է, որ «արտաքին քաղաքականության բնագավառում արձանագրված ձախողումներն ու անհարկի զիջումները հետեւանք են իշխանությունների ոչ լեգիտիմության, կեղծված նախագահական ընտրությունների եւ մարտիմեկյան սպանդի հետեւանքով Հայաստանում առաջացած խորը քաղաքական տնտեսական ճգնաժամի, որը մինչ այսօր հաղթահարված չէ»: «Քաղբանտարկյալների առկայությունը, շարունակվող ոստիկանական բռնաճնշումները, հավաքների ու խոսքի ազատության ոտնահարումները հետեւանք են իշխանությունների կողմից սեփական ժողովրդին հայտարարված պատերազմի: Իշխանությունները դրանով ապացուցում են, որ ունակ չեն երկրում կառավարել օրինական ժողովրդավարական մեանիզմների շնորհիվ»,- նշել են ՀԱԿ պատասխանատուներն ու հավելել, թե իշխանությունների քայլերն արդեն սպառնում են ժողովրդի անվտանգությանն ու կենսական շահերին. «Սեղմ ժամկետներում համակարգված քայլեր չանելու դեպքում համաժողովրդական ընդվզում է լինելու»: