Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նշել է Հյուսիսային Կորեայի զինվորականների ներդրումը Կուրսկի մարզն ուկրաինական զինված ուժերից ազատագրելու գործում։ ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ ընդունել է գործողությանը Կորեայի ժողովրդական բանակի զինվորականների մասնակցության փաստը, գրել է «Կոմերսանտ»-ը՝ հղում կատարելով Կրեմլի հայտարարությանը։

«Կորեայի ժողովրդական բանակի զինվորներն ու սպաները, ուկրաինական ներխուժումը հետ մղելու ժամանակ ռուս զինծառայողների հետ ուս ուսի մարտական ​​առաջադրանքներ կատարելով, դրսեւորել են բարձր պրոֆեսիոնալիզմ, մարտում ցուցաբերել ամրություն, քաջություն եւ հերոսություն»,- զեկուցել է Գերասիմովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

2024թ. Ռուսաստանը եւ Հյուսիսային Կորեան ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիր։ Այն ենթադրում է ռազմական օգնության տրամադրում կողմերից մեկի վրա հարձակման դեպքում:

Զեկույցի ժամանակ Վալերի Գերասիմովը տեղեկացրել է Ուկրաինայի ԶՈւ-ից Կուրսկի մարզի լիակատար ազատագրման մասին։ Ուկրաինական բանակից վերջին ազատագրված բնակավայրը Գորնալն էր։ Մարտերը Կուրսկի մարզում սկսվել էին 2024թ. օգոստոսի 6-ից։