Հունվարի 2-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Թբիլիսյան խճուղու եւ Ծարավ Աղբյուրի փողոցի խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով երկու մեքենաների վարորդներն ու երկու ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ավելի ուշ «ՎԱԶ-21099»-ի ուղեւորը՝ 1965 թ. ծնված Արթուր Գեւորգյանը, գիտակցության չգալով մահացել է: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Կատարվում է քննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հունվարի 2-ին ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում՝ «Հոնդայի» սերվիսի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: NEWS.am-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ կան տուժածներ, անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության փրկարար ջոկատի հերթապահ խումբը, մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:




























