Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և Հորդանանի թագավոր Աբդուլլային «հոշոտելուց» հետո, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, հնարավոր է, ցույց է տվել այլ համաշխարհային առաջնորդներին, թե ինչպես պատրաստվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Օվալաձև աշխատասենյակում անցկացվելիք «արջերի հետ հանդիպմանը», հաղորդում է NBC News-ը։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, Սպիտակ տան այդ հանդիպումները պատմականորեն ձանձրալի են եղել՝ լի տափակաբանություններով և աշխարհաքաղաքական ժարգոնով։
«Սակայն դա այդպես չէր Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում, որը նրա գրասենյակը վերածեց գլադիատորական ասպարեզի: Փետրվարին փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը Զելենսկու հասցեին շշմեցուցիչ քննադատությամբ հանդես եկավ: Նույն ամսին Հորդանանի նախագահ Աբդուլլահը չկարողացավ թաքցնել իր հիասթափությունը, երբ Թրամփը մանրամասն ներկայացրեց Գազայի հատվածը վերահսկողությունը ստանձնելու իր ծրագրերը: Դա էր պատճառը, որ հարավաֆրիկացի Ռամաֆոսան, կարծես, զարմացած չէր, երբ Թրամփը չորեքշաբթի նրան նեղը գցեց. ԱՄՆ նախագահը նույնիսկ մարեց լույսերը՝ ցուցադրելու լրատվական հոլկովակներ, որոնք պնդում էին, որ սպիտակամորթ ագարակատերերը ցեղասպանության զոհ են դարձել Հարավային Աֆրիկայում»,-նշում է NBC News-ը:
Փորձագետների մեծ մասը համամիտ է, որ դա կեղծ, անհիմն հայտարարություն է, որից Թրամփը կառչել է Օվալաձև աշխատասենյակում ներկա՝ Հարավային Աֆրիկայում ծնված միլիարդատեր Էլոն Մասկին իր խորհրդականը դարձնելուց հետո։
Սակայն, ի տարբերություն մյուս առաջնորդների, Ռամաֆոսան՝ արհմիութենական նախկին առաջնորդը և Նելսոն Մանդելայի զինակիցը, որը նպաստել է ապարտհեյդի վերացմանը, ակնհայտորեն պատրաստ էր դրան։ Նա խոսում էր հանգիստ և առանց ընդհատումների՝ քաղաքավարի, բայց վճռականորեն չհամաձայնելով Թրամփի հետ, գրում է NBC News-ը։
«Նախագահ Թրամփը ստիպված կլինի ականջդնել հարավաֆրիկացիներին, որոնցից մի քանիսը նրա լավ բարեկամներն են», -ասել է նա, երբ հարցրել են, թե ինչը կհամոզի ամերիկացի առաջնորդին, որ ինքը սխալվում է։
Եվ ապա հետևեց նրա յուրօրինակ ժեստը։ Ռամաֆոսան իր հետ բերել էր Էրնի Էլսին և Ռետիֆ Գուսենին՝ երկու սպիտակամորթ հարավաֆրիկացի գոլֆիստների, որոնք երկուսն էլ Փառքի սրահի անդամներ են և նվաճել են ԱՄՆ բաց առաջնության վեց տիտղոս։ Գոլֆի մոլի երկրպագու Թրամփի հետ հանդիպման ժամանակ մանևրի մտադրությունը ակնառու էր և անսխալական։
«Եթե աֆրիկացի ագարակատերերի ցեղասպանություն տեղի ունենար, կարող եմ վստահ լինել, որ այդ երեք պարոնայք այստեղ չէին լինի», -ասել է Հարավաֆրիկյան Հանրապետության առաջնորդը Օվալաձև աշխատասենյակում՝ մատնանշելով իր շրջապատի սպիտակամորթ անդամներին, որոնց թվում էր նաև նրա գյուղատնտեսության նախարար Ջոն Ստինհեյզենը։ -Նա՝ նախագահ Թրամփը, ստիպված կլինի լսել նրանց պատմությունները, նրանց տեսակետը»։
Սակայն դա չի նշանակում, որ մյուս առաջնորդներն արդեն չեն հասել նմանատիպ հաջողությունների։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը փետրվարին քաղաք այցելելիս ծոցագրպանից հանել է Չարլզ III թագավորի նամակը։ Քայլ, որը Մեծ Բրիտանիայում ծաղրի ենթարկվեց որպես շողոքորթություն, բայց որը, կարծես, Թրամփը գնահատեց։
Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան այդ ամսվա վերջին իր ելույթից առաջ ավելի քան 20 ժամ տևած նախապատրաստական հանդիպումներ է ունեցել խորհրդականների հետ։ Դա ևս, կարծես, արդյունք տվեց. Իսիբան ժամանեց զինված գծապատկերներով, որոնք հստակ և գունեղ պատկերում են Ճապոնիայի ներդրումները Ամերիկայում և այն տեսակի ցուցադրական ձռենարկները, որոնք նախընտրում է Թրամփը։ Ինչպես Սթարմերը, նա ևս խաղաց Թրամփի թատերական նվերի ցանկության հետ՝ իր հետ բերելով սամուրայի ոսկե սաղավարտ, որը Ճապոնիայում հաճախ բարգավաճման և երկարակեցության մասին աղոթքներ է խորհրդանշում։
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, կարծես, տիրապետում է Թրամփի հետ հարաբերություններ պահպանելու արվեստին, միաժամանակ քաջաբար դիմադրելով նրա որոշ հայտարարություններին։ Փետրվարին Օվալաձև աշխատասենյակում իր սեփական հանդիպման ժամանակ նա ձեռքը դրեց Թրամփի ուսին և նրբորեն ուղղեց նրա սխալ պնդումը, թե եվրոպական երկրները սոսկ «պարտքով փող են տվել» Ուկրաինային։
Ավելի խիստ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, որը նույնպես անսասան էր, սեղմեց ատամները և, չնայած հաճախ դժվարանում էր ընտրել բառերը, իր խոսքերով ու վճռական ժեստերով հստակեցրեց, որ «Կանադան չի վաճառվում»։ Նույնիսկ այդ առումով Ռամաֆոսայի տոկունությունը բարձր է գնահատվել։
Բայց դա դեռևս դժվար և մտահոգիչ հանդիպում էր այն երկրի համար, որը խիստ կարիք ունի ամերիկյան ֆինանսական օգնության։ Օվալաձև սենյակում հանդիպումից մի քանի ժամ առաջ Հարավաֆրիկյան Հանրապետության ֆինանսների նախարար Էնոք Գոդոնգվանան հայտարարել է, որ իր կառավարությունը չունի անհրաժեշտ միջոցները՝ Թրամփի նախաձեռնությամբ արտաքին օգնության կրճատումների հետևանքով առաջացած 430 միլիոն դոլարի դեֆիցիտը ծածկելու համար։
«Ի դեմս Թրամփի՝ երկիրը բախվում է մի նախագահի, որը սպիտակամորթ ագարակատերերի դեմ ցեղասպանություն հայտարարելու մեջ տեսնում է կատարյալ եռյակ», - MSNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Աֆրիկայում ԱՄՆ նախկին դեսպան Պատրիկ Գասպարը։
Գասպարի բնորոշմամբ՝ դա Թրամփին հնարավորություն է ընձեռոըւմ «խաղալ ներքին քաղաքական լսարանի համար, որը տարված է սպիտակամորթների, գոյաբանական սպառնալիքներով», միաժամանակ շեղելով ուշադրությունը ներքին տնտեսական խնդիրներից և առաջ մղելով Մասկի ջանքերը՝ Starlink-ի գործունեության համար Հարավային Աֆրիկայում արտոնագիր ապահովելու համար։
Նա հանդիպումն անվանել է ոչ միայն «խորապես վիրավորական և վնասակար գործընկերության համար Սահարայից հարավ Աֆրիկայի իսկապես կարևոր երկրի հետ, այլև նշել, որ այն խորապես վնասակար է այս Օվալաձև աշխատասենյակի, այս սրբազան տարածքի համար»։





























