Իսրայելի միջազգային մերձավոր դաշնակիցներից շատերը բացահայտ հայտարարել են երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարության հետ հարաբերությունները խզելու մասին՝ Գազայի վրա նրա անդադար հարվածների և խիստ անհրաժեշտ մարդասիրական օգնության սառեցման պատճառով, գրում է Axios պարբերականը։

Ինչպես ընդգծում է լրատվամիջոցը, Նեթանյահուն աննախադեպ միջազգային լեգիտիմություն է ստացել՝ հոկտեմբերի 7-ի հարձակումներից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը հակահարված տալու համար։ Սակայն պատերազմի ձգձգմանը զուգահեռ աջակցության աստիճանական նվազումը վերածվել է դիվանագիտական ցունամիի։

Նեթանյահուն Արևմուտքում իր մնացած բարեկամներից շատերին կորցրել է, բացառությամբ ԱՄՆ-ի, վերջին երկու ամսվա ընթացքում՝ մարտին հրադադարի հաստատումից և Գազա սննդի, ջրի և դեղորայքի բոլոր մատակարարումների արգելափակումից հետո։

Ճնշումը կտրուկ ուժեղացել է այս ամսվա սկզբին, երբ նա սկսել է Գազայի կրկնակի օկուպացման գործողությունը՝ փոխանակ նրան, որ ՀԱՄԱՍ-ը համաձայներ պատանդների ազատման և պատերազմի դադարեցման գործարքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա օգնականները Նեթանյահուին հասկացրել են, որ նա պետք է դադարեցնի պատերազմը և թույլատրի օգնության տրամադրումը, թեև Թրամփը հիմնականում գաղտնի է պահում իր մտահոգությունները։ Մի քանի այլ առաջնորդներ հրապարակային են հանդես եկել։

«Մենք մի կողմ չենք քաշվի, քանի դեռ Նեթանյահուի կառավարությունը շարունակում է այս վայրագ գործողությունները։ Եթե Իսրայելը չդադարեցնի վերսկսված ռազմական հարձակումը և չվերացնի մարդասիրական օգնության սահմանափակումները, մենք ի պատասխան հետագա կոնկրետ քայլեր կձեռնարկենք»,- ասվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի մայիսի 19-ի համատեղ հայտարարության մեջ։

Նեթանյահուն կատաղությամբ է պատասխանել՝ տեսաուղերձում բոլոր երեք երկրներին մեղադրելով ՀԱՄԱՍ-ի կամքը կատարելու մեջ։

«Նրանք ուզում են, որ Իսրայելը նահանջի և համակերպվի այն մտքի հետ, որ ՀԱՄԱՍ-ի զանգվածային մարդասպանների բանակը կգոյատևի, կվերականգնվի և կրկին ու կրկին կկրկնի հոկտեմբերի 7-ի կոտորածը, քանի որ հենց դա է ՀԱՄԱՍ-ը երդվել անել։ Ես ասում եմ նախագահ Մակրոնին, վարչապետ Քարնիին և վարչապետ Սթարմերին. երբ զանգվածային մարդասպանները, բռնաբարողները, մանկասպաններն ու առևանգողները շնորհակալություն են հայտնում ձեզ, դուք արդարության սխալ կողմում եք գտնվում։ Դուք մարդկության սխալ կողմում եք և պատմության սխալ կողմում եք»,- հայտարարել է նա։

Մեծ Բրիտանիան հինգշաբթի օրը հայտարարել է Իսրայելի հետ առևտրային բանակցությունների դադարեցման մասին և հինգշաբթի օրը նոր պատժամիջոցներ է սահմանել պաղեստինցիների վրա դաժան հարձակումներին մասնակից իսրայելցի վերաբնակիչների դեմ։

Ակնկալվում է, որ հաջորդ ամիս Ֆրանսիան Սաուդյան Արաբիայի հետ համատեղ համաժողով կանցկացնի, որտեղ հանդես կգա երկու պետություն սկզբունքով լուծման օգտին, և, ինչպես սպասվում է, պաշտոնապես կճանաչի պաղեստինյան պետությունը։

Իսպանիան անցյալ տարի արդեն ճանաչել է պաղեստինյան պետությունը՝ Նորվեգիայի և Իռլանդիայի հետ միասին, իսկ վարչապետ Պեդրո Սանչեսն անցյալ շաբաթ Իսրայելն անվանել է «ցեղասպան պետություն» և կոչ է արել արգելել նրա մասնակցությունը «Եվրատեսիլ» երգի մրցույթին։

Երեքշաբթի օրը ԵՄ 27 արտգործնախարարներից 17-ը պաշտպանել են Նիդեռլանդների՝ Իսրայելի մեկ այլ առանցքային դաշնակցի, առաջարկը՝ Իսրայելի հետ առևտրի և համագործակցության մասին պակտի վերանայման վերաբերյալ։