«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հունվարի 10-ին ամերիկյան դոլարի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 387.96 դրամ: Նախորդ օրվա համեմատ դոլարը թանկացել է 0.18 %-ով կամ 0.71 կետով:
Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 9.3 մլն դոլար: Չի բացառվում, որ կենտրոնական բանկը արտարժությային ինտերվենցիա իրականացրած լինի: Նշենք, որ դեկտեմբերի վերջին շաբաթում ԿԲ-ն բորսայում վաճառել է 7 մլն դոլար` դրամի արագացված անկումը կանխելու համար:
Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերը դոլարը թանկացրել են մոտ կես դրամով: Որոշ փոխանակման կետերում դոլար ընդունում են արդեն 387 դրամով, վաճառքը հիմնականում տեղի է ունենում 389 դրամով:
Դրամն այս օրերին թուլանում հիմնականում 2 պատճառով: Նախ` շուկայում դրամի քանակությունը կտրուկ ավելացել է` կապված նախատոնական եռուզեռի հետ: Փողի բազան աճել է մինչեւ 660 մլրդ դրամ` նոյեմբերի 590 մլրդ դրամի համեմատ: Առաջին անգամ դեկտեմբերի վերջերին կանխիկ դրամի քանակությունը գերազանցել է 400 մլրդ դրամի շեմը ու ներկայում գտնվում է մոտ 405 մլրդ դրամի սահմաններում: Սակայն երեկվանից փողի բազան սկսվել է յրճատվել, ու հնարավոր է` դա նպաստի դրամի ամրապնդմանը, կամ առնվազն` կանխի հետագա արժեզրկումը:
Երկրորդ պատճառը, որ նպաստում է դրամի թուլացմանը` բանկերի մոտ ի հայտ եկած սպասումներն են: Ենթադրվում է, որ դոլարի փոխարժեքը 2012 թ. կանցնի 400-ի սահմանը, ինչը ստիպում է բանկերին ու «փողատերերին»` ազատ միջոցները պահել արտարժույթով:
Նշենք նաեւ, որ ֆինանսական շուկայում տեղի է ունենում պետական պարտատոմսերի եկամտաբերության աճ, ինչը եւս միջինժամկետ կտրվածքով խոսում է այն մասին, որ ֆինանսների նախարարությունն ինքը չի վստահում դրամին:
Սամվել Ավագյան



























