«Դա ոչ թե ՀՅԴ-ի, այլ ամբողջ խորհրդարանի սկզբունքն է, որ մարտի 1-ի հանձնաժողովի զեկույցից հետո ԱԺ-ն պետք է մտածի համապատասխան մարմինների կողմից այդ զեկույցի առաջարկների կատարումը վերահսկելու մասին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն առաջարկում է ԱԺ-ում մոնիտորինգի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որը պետք է վերահսկի, թե պետական մարմինները որքանով են կատարում մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի առաջարկությունները, թույլ չտալու համար նման դեպքերի կրկնությունը: «Մենք էլ ենք գտնում, որ պետք է վերահսկենք, թե զեկույցում արտահայտված գնահատականները ինչ արձագանք են գտնում պատկան մարմիններում: Դրա համար կարելի է ոչ թե նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծել եւ ցույց տալ, որ մեծ, նոր սկիզբ ունեցող գործեր են կատարվում, այլ պետք է այդ նույն վերահսկողությունն իրականացնել արդեն եղած հանձնաժողովներից որեւէ մեկի միջոցով: Այդ ծավալները շատ նեղ ու փոքր են, որպեսզի անհրաժեշտ լինի լրացուցիչ գործիքներով նոր հանձնաժողով ստեղծել»,- ասաց հանրապետական գործիչը:
Հարցին, թե չե՞ք կարծում, որ սա ՀՅԴ կողմից PR ակցիա է, որով ցույց են տալիս, թե հասարակությանը հուզող հարցեր են բարձրացնում, Գ. Սահակյանն ասաց. «Այստեղ PR-ի խնդիր չեմ տեսնում: Պարզապես, ըստ երեւույթին, ՀՅԴ-ն կարծում է, որ դա հիմնարար նոր գործիք է, որը կկարողանա օգնել վերահսկողությանը, մենք էլ ասում ենք, որ այդ հիմնարար գործիքին կարող է տիրապետել ցանկացած հանձնաժողով»:
Նա ընդգծեց նաեւ. «Միշտ կասկածներ կան, որ թե՛ ՀՅԴ-ն թե՛ ընդդիմությունը համագործակցում են իշխանությունների հետ: Մեկընդմիշտ պետք է հասկանաք, որ մենք պոպուլիստական կուսակցություն չենք, ինչ անում ենք` բաց ենք անում եւ հայտարարում ենք, որ միշտ պատաստ ենք համագործակցելու եւ բաց աշխատելու: Չեմ կարծում, որ երկրում գաղտնի ուժեր կան, որոնք համագործակցում ենք իշխանությունների հետ եւ դրանով կարողանում են որոշակի հաջողությունների հասնել: Չկա նման բան»:




























