Սլովակիան կարգելափակի Ռուսաստանի դեմ Եվրամիության ցանկացած պատժամիջոց, որը վնաս է հասցնում իր ազգային շահերին, կիրակի օրը հայտարարել է երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն այն բանից հետո, երբ խորհրդարանը հավանություն է տվել բանաձևին, որը կառավարությանը կոչ է անում չաջակցել որևէ նոր միջոցառման, հայտնում է Reuters-ը։
Ֆիցոն ասել է, որ Սլովակիան կցանկանար դաշինքի շրջանակում կառուցողական մնալ, սակայն նա բանաձևն անվանել է հստակ ուղերձով քաղաքական գործիք։
«Եթե սահմանվեն պատժամիջոցներ, որոնք մեզ վնաս կհասցնեն, ես երբեք դրանց կողմ չեմ քվեարկի», - նշել է Ֆիցոն մամուլի ասուլիսում։
Խորհրդարանի նիստում հավանության արժանացած նոր բանաձևը կառավարության անդամներին պարտավորեցնում է կողմ չքվեարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին և առևտրային սահմանափակումներին։
Ֆիցոն հայտարարել է, որ չի կարող աջակցել որևէ միջոցի, որը կխոչընդոտի Սլովակիայի ատոմային էլեկտրակայանների համար ռուսաստանյան վառելիքի ներկրմանը։
«Ես շահագրգռված եմ, որպեսզի Եվրամիությունում կառուցողական դերակատար լինենք, բայց ոչ Սլովակիայի հաշվին», - ասել է նա։
Սլովակիան չի արգելափակել ԵՄ նախորդ պատժամիջոցներից որևէ մեկը։