Հունիսի 24-25-ը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Հաագայից 16 կիլոմետր շառավղով ամբողջությամբ կարգելվի անօդաչու թռչող սարքերի ցանկացած թռիչք։ Միջոցառումները կազդեն նաև Ամստերդամի և Ռոտերդամի օդանավակայանների շրջակա տարածքների վրա, հայտնել են Նիդեռլանդների կառավարության մամուլի ծառայությունից։

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում խիստ սահմանափակումներ կլինեն անօդաչու թռչող սարքերի թռիչքների վերաբերյալ։ Անօդաչու թռչող սարքերի թռիչքները Հաագայի շրջակայքում, որտեղ տեղի կունենա գագաթնաժողովը, 16 կմ-ից ավելի շառավղով լիովին արգելված կլինեն՝ անկախ անօդաչու թռչող սարքի քաշից և տեսակից։ Անօդաչու թռչող սարքերի թռիչքներն արգելված կլինեն նաև [Ամստերդամի] Սխիպհոլ օդանավակայանի և Ռոտերդամի օդանավակայանի տարածքում», -ասված է հայտարարության մեջ։

Արգելքը խախտողները կենթարկվեն խոշոր տուգանքների և անօդաչու թռչող սարքերի բռնագրավման։ Հաագայի տարածքում սահմանափակումներն ուժի մեջ կլինեն հունիսի 18-25-ը, իսկ օդանավակայանի տարածքում՝ հունիսի 23-25-ը։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Հաագայում տեղի կունենա հունիսի 24-25-ը։ Ակնկալվում է, որ դրան կմասնակցեն մոտ 6000 պատվիրակներ, դրանց թվում՝ 45 երկրների պետությունների ղեկավարներ, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ։