Վերջին ժամանակներս նավթի գնի վրա ճնշում գործադրող OPEC+ արդյունահանման արագ աճը ժամանակավորապես զիջել է Իրանի վերաբերյալ մտահոգություններին։ Իսրայելի եւ Իրանի միջեւ լարվածության սրման պատճառով Միացյալ Նահանգները սկսել է դիվանագիտական անձնակազմի մի մասին դուրս բերել Մերձավոր Արեւելքից, նվազել են նաեւ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու հնարավորությունները։
Արդյունքում՝ չորեքշաբթի կեսօրին Brent-ի գինը բարձրացել է 5 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի համար 70.22 դոլարի, ամերիկյան WTI-ի գինը նույնպես բարձրացել է։ Հինգշաբթի գները փոքր-ինչ ճշգրտվել են՝ ժամը 10:00-ին Brent-ի համար հասնելով 69 դոլարի եւ WTI-ի համար՝ 67.4 դոլարի։ Onyx Capital-ի կառավարիչ տնօրեն Խորխե Մոնտեպեկը Brent նավթի գնի աճը անվանել է «չափից մեծ արձագանք»՝ պայմանավորված չափազանց կարճ դիրքերի (գնի անկման վրա արվող դրույքներ) ծածկմամբ եւ «աճող տագնապով»։ «Նավթը հստակ արձագանքել է Մերձավոր Արեւելքից եկող լուրերին»,- Financial Times-ին ասել է լոնդոնյան նավթային բրոքերը։
Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ «ավելի քիչ է վստահ» Իրանի հետ միջուկային համաձայնագրի հարցում, չնայած շաբաթներ տեւած բանակցություններին: Թրամփի՝ համաձայնագրի շուրջ համաձայնության գալու համար սահմանված 60-օրյա ժամկետը լրանում է հինգշաբթի: Թեհրանն այս շաբաթ հայտարարել է, որ կիրակի կանցկացնի բանակցությունների վեցերորդ փուլը, թեեւ սա չեն հաստատել ոչ ԱՄՆ-ը, ոչ Օմանը, որը հանդես է գալիս որպես միջնորդ։
Չորեքշաբթի ուշ երեկոյան ԱՄՆ նախագահը հաստատել է, որ անհրաժեշտ չհամարվող անձնակազմը դուրս կբերվի Մերձավոր Արեւելքից։ Պետդեպարտամենտը հայտարարել է Իրաքում, Քուվեյթում եւ Բահրեյնում գտնվող դեսպանատներից դիվանագետների մասնակի տարհանման մասին, իսկ Պենտագոնը թույլ է տվել զինվորականների ընտանիքներին կամավոր լքել իրենց բազաները Մերձավոր Արեւելքում: «Նրանց դուրս են բերում, քանի որ դա վտանգավոր վայր է, տեսնենք, թե ինչ կլինի»,- լրագրողներին ասել էց Թրամփը: «Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ, շատ պարզ»,- ավելացրել է նախագահը Իրանի մասին:





























