Երեկ Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով տուժած ընտանիքների մի մասը ժամանակավոր ապաստանել է բարեկամների տներում, միայն երկու քաղաքացի է ընդունել մարզպետարանի առաջարկը և ժամանակավոր բնակություն հաստատել հյուրատանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին Գեղարքունիքի մարզպետարանից։
«Երեկ ամբողջ օրն աշխատել է մարզպետարանի և համայնքապետարանի կողմից ստեղծված կարիքների գնահատնման հանձնաժողովը։ Շատերը հրաժարվել են հյուրատներ գնալ, միայն երկու հոգի է այս պահին հյուրատանը։ Նրանք, ովքեր բարեկամներ ունեն քաղաքում, իրենց ցանկությամբ բարեկամների տներում են տեղակայվել։ Դեղորայք ընդունող քաղաքացիներին անմիջապես անհրաժեշտ դեղորայք է տրամադրվել, նաև առաջին օգնության պարագաներ են տրամադրվել բնակիչներին։ Հանձնաժողովն այսօր էլ է աշխատում, կարիքների ավելի խորը գնահատում է իրականացվում։ Այսօր նաև միջազգային կազմակերպություններ են Ճամբարակ գալու, Կարմիր խաչից են գալու՝ բնակիչներին աջակցություն տրամադրելու»–հայտնեցին մարզպետարանից։
Ավելի վաղ, Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ Ճամբարակում երեկ տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության:
Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունեկեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ․ կա 5 զոհ և 11 վիրավոր։


























