«Նռնենի» դրամատիկական կատակերգությունը, որի պրեմիերան տեղի ունեցավ օրերս «ՀանդԱրտ» մշակութային այգում, իր հուզականությամբ, խորությամբ ու մարդկային հարաբերությունների պարզությամբ, ներթափանցեց հանդիսատեսի սրտերը: Ներկայացում, որը հասած նռան պես ճաքելով, աստիճանաբար հանդիսատեսին հրամցրեց մի պատմություն, որը նռան հյութի պես դեռ երկար զգացնել է տալու հետհամը:

Իրական դեպքի հիման վրա ստեղծված մի պատմություն, որն էմոցիոնալ ճոճանակի պես հանդիսատեսին պատճառում էր լիաթոք ծիծաղ, իսկ արդեն հաջորդ պահին մարդկանց աչքերին արցունքներ էին…
Եւ, այսպես, դեպքը տեղի է ունեցել խորհրդային Հայաստանի գյուղերից մեկում. կինը տեղեկանում է, որ անբուժելի հիվանդ է ու շատ քիչ ժամանակ ունի ապրելու։ Բայց ընկճվելու փոխարեն իր մեջ ուժ է գտնում և որոշում ամուսնու համար հարսնացու փնտրել. ընտրում է գյուղի ամենագրագետ աղջկան։
Պիեսը գրվել է գործարար, ֆերմեր Հարություն Մնացականյանի ընտանիքի իրական պատմության հիման վրա։ Գլխավոր հերոսուհին հենց իր տատիկն է:
Ասում է, որ այս պատմությունը հանրությանը ներկայացնելու գաղափարը ծնվել է մեկ այլ՝ «Ցանկապատը» ներկայացման հաջողությունից հետո, որը նույնպես բեմադրվել է «ՀանդԱրտ»-ում. ««Ցանկապատը» ներկայացման հաջողությունն ու պահանջվածությունը «ՀանդԱրտ» մշակութային այգու հիմնադիր Տիգրան Գյուլումյանի հետ քննարկելիս, եկանք եզրահանգման, որ հանրությունը սովորական, պարզ, կենցաղային, մարդկային փոխհարաբերությունների մասին պատմող ներկայացումների մեծ պահանջարկ ունի: Ընթացքում պատմեցի տատիկիս արածը. գնացել էր բժկի և քաղցկեղ աշխտորոշմամբ վերադարձել, որը հետագայում պարզվել էր, որ կեղծ է: Երկու շաբաթ տառապելուց ու տանջվելուց հետո, թե իր մահից հետո ինչ վիճակում է հայտնվելու ընտանիքը, որոշում է, որ իր ամուսնուն պետք է ամուսնացնի մեր թաղի ամենակրթված, ամենագեղեցիկ ու ամենազարգացած կանանցից մեկի հետ… Եւ ներկայացման սյուժեն ամբողջությամբ կառուցվում է այդ իրողության վրա»:
Մնացականյանը հավելում է, որ պիեսը, մինչև հանդիսատեսին հասնելը, անցել է երկար ճանապարհ. «Տիգրանի հետ որոշեցինք տեսագրություն հանրայնացնել, որ նման սցենար ենք պատրաստվում գրել, որպեսզի չկարողանանք կեսից ետ կանգնել… Մեկ ու կես տարի չէր ստացվում սկսել ու ավարտին հասցնել սցենարը՝ պայմանավորված երկուսիս մոտ ի հայտ եկած անձնական խնդիրներով: Բայց խոստում- տեսանյութը օգնեց. մեր հարազատներն անընդհատ հետաքրքրվում էին սցենարի ճակատագրով…Արդյունքում սցենարը գրվեց: Կարելի է ասել, որ սցենարի 90 տոկոսը գրել է Տիգրանը՝ պատմության իր ընկալմամբ: Բավականին տարաձայնություններ ենք ունեցել սեցնարի հետ կապված, քանի որ ես տեսել եմ իրական Ժենիկին և այլ կերպ էի պատկերացնում, մինչդեռ Տիգրանն ասում էր, որ սյուժեի գիծն այդպես չի կարող լինել… Արդյունքում՝ ստացվեց: Դրա վկայությունը հանդիսատեսի բուռն արձագանքն էր ինչպես ներկայացումից հետո, երբ օվացիան չէր դադարում, այնպես էլ հիմա՝ օրեր անց, երբ մարդիկ զանգում են, գրում ու իրենց հիացմունքը հայտնում»:
Մի հարցում թե Հարություն Մնացականյանը, թե Տիգրան Գյուլումյանը համակարծիք են եղել, դա դերասանների ընտրությունն էր՝ Ջուլիետա Ստեփանյան, Լուիզա Ղամբարյան, Ագնեսա Շահնազարյան և Արծրուն Հարությունյան:
«Թվում է՝ ծիծաղելի պատմություն է, բայց լուրջ դրամատիկ ելևէջներով։ Այստեղ հիմքում ընտանեկան արժեքներն են, զոհողությունը, մի կնոջ պայքարը, ով կարծես մոռանալով իրեն՝ անում է ամեն ինչ ընտանիքը պահելու համար։ Բայց մի պահ էլ նա խառնվում է Աստծո գործերին», – ասում է պիեսի հեղինակ և բեմադրիչ Տիգրան Գյուլումյանը՝ նշելով, որ պիեսը գրելու պահին արդեն պատկերացրել է դերակատարներին, իսկ ուսուցչուհու կերպարը գրելիս՝ Լուիզա Ղամբարյանին։
Ժենյայի դերը մարմնավորել է Ագնեսա Շահնազարյանը. «Շատ սիրեցի կերպարս, բայց այն շատ բարդ տրվեց։ Ավելի քան 5 տարի չէի խաղացել բեմում։ Անասելի կարոտով բարձրացա։ Դժվար էր խաղալ կնոջ, ով հաշտվել է մահվան հետ։ Դեռ չէի պատկերացնում սյուժեն, կոկորդս խեղդվում էր լացից։ Սարսափում էի՝ կկարողանա՞մ արդյոք հասցնել ասելիքը։ Բայց ռեժիսորի ու գործընկերներիս շնորհիվ հաղթահարեցի: Փորձերին հակասական զգացողություններ ունեի։ Երբ սկսում է Ասյային համոզել ամուսնանալ ամուսնու հետ... դա մի պահ է, որ անհնար է չհուզվել։ Ամենահուզիչ տեսարանը հրաժեշտի դրվագն էր. ինչ է ամուսինը սիրում ուտել, ինչ է հագնում և այլն։ Ամեն ինչ ասում է թեթևությամբ, բայց զգացվում է՝ այդ ներքին հասկացողությունը հեշտ չէր ձեռք բերել»:
Ասյայի՝ գյուղի ֆրանսերենի ուսուցչուհու դերը մարմնավորել է Լուիզա Ղամբարյանը՝ մի կին, ում անձնական կյանքը չի դասավորվել։ Ու հենց նրան էլ փորձում է ամուսնացնել Ժենյան իր ամուսնու հետ։ «Իմ կերպարը կինը է, ով հավատարիմ է իր արժեքներին։ Նա իր ներսում կռիվ է տալիս, ինքն իրեն հաղթում է։ Նման կանայք քիչ են», – ասում է Լուիզան։
Ջուլիետա Ստեփանյանը մարմնավորում է հարևանուհուն, ով գիտի գյուղի բոլոր լուրերը ու քննարկում է դրանք սուրճի բաժակ նայելով։
«Սկզբում ինձ թվաց՝ Ժենյայի կերպարը իմն է։ Բայց Ագնեսան այն մարմնավորեց անգերազանցելի։ Իմ կերպարը՝ հումորով ու սրամիտ մեկնաբանություններով, թեթեւացնում էր ծանր հոգեբանական պահերը։ Շատերն ասում են՝ կոմեդիա խաղալը հեշտ է։ Բայց դա ամենաբարդն է՝ ծիծաղեցնել, առանց ծիծաղելու», – ասում է Ստեփանյանը։
Ներկայացման առանցքային կերպարներից է Արաբոն՝ Արծրուն Հարությունյանը, ով կյանքը նվիրել է հայրենիքին, բայց 55 տարեկանում սիրահարվում է ուսուցչուհուն. «Սերը, ընտանիքը այս պատմության հիմքում են։ Իմ կերպարն ամբողջ կյանքում նվիրված է եղել հայրենիքին, բայց երբ սերը գալիս է՝ անզոր է դիմադրել։ Կերպարս ասում է՝ սիրում եմ օգնել ուսուցիչներին։ Նա սիրո իր բաղադրատոմսն ունի՝ սերը գալիս է այն ժամանակ, երբ պետք է»:
Ներկայացման մի կարևոր «կերպար» էլ կա՝ նռնենու ճյուղը, որն Արաբոն տնկում է ուսուցչուհու բակում, ասելով. «Երբ նռնենին ծաղկի ու պտուղ դառնա, ներսից պատմիր իմ սիրո մասին»։ Նռնենին որպես կյանքի, անմահության, հավատի ու վերածննդի խորհրդանիշ…





























