Այսօր վաղ առավոտ մոտավորապես ժամը 3:30–ին այդ հարձակումը սկսել է և մինչև վերջին ժամերը համարյա շարունակվում էր, հիմա դադարեցվել է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է Իրանում բնակվող ՀՅԴ Բյուրոյի անդամ Սևան Դանիելյանը։

«Ըստ իրանական պաշտոնական լուրերի տարբեր քաղաքներում բնակելի շենքեր են հրթիռակոծվել։ Երկու ուղղությամբ են եղել հարվածները, մեկը ռազմական հրամանատարների և միջուկային գիտնականների տների վրա, մյուսը այն է եղել, որ ռմբակոծվել են ռադարային և հակաօդային պաշտպանության կենտրոնները։  Դրանք մեջտեղից հանելով, երևի պիտի փորձեն ավելի ընդլայնված ռմբակոծել միջուկային օբյեկտները իրենց օդանավերով»,–ասաց նա։

Հարցին՝ ինչպիսի՞ն է իրավիճակը Թեհրանում, արդյոք վիրավորներ կն հայերի շրջանում, Սեւան Դանիելյանը պատասխանեց. «Չէ, ոչ մի այդպիսի բան չկա, հանդարտ է ամեն ինչ։ Այսօր և վաղը հանգստյան օրեր են, իսկ նման օրերին մարդիկ քաղաքից դուրս են գալիս ճամփորդելու։ Այնպես ոչ մի խուճապ չկա քաղաքում, առավելևս հայկական շրջանակներում։ Այն տարածքները, որոնք ռմբակոծվել են, հատուկ կետեր են և հայկական թաղամասեր չեն»։

Խոսելով Իրանի պատասխան հարվածի եւ հետագա հնարավոր զարգացումների մասին, Սևան Դանիելյանն ասաց. «Բնականաբար, իրավիճակը համարյա անկանխատեսելի է այս պայմաններում, դեռ անհրաժեշտ սպասել, հասկանալ, թե Իրանը ինչպիսի հակազդեցության կդիմի, Երկրի առաջնորդը հանդես է եկել հայտարարությամբ և ասել է, որ անպատասխան չենք թողնելու։

Ինչպես գիտեք, առաջին հակազդեցությունը Իրանի կողմից եղել է, անօդաչու թռչող սարքեր են ուղղվել դեպի Իսրայել։ Դա մարտավարական քայլ է, որովհետև դրանց արագությունը ավելի փոքր է, դրանից հետո հրթիռներ կուղարկեն, և մինչ Իսրայելի հակաօդային պաշտպանությունը զբաղված կլինի ԱԹՍ–ներով, հրթիռները կարողանան դիպուկ հարվածներ հասցնել»։